Հայ ռազմագերիների գնդակահարությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը ոչ միայն միջազգային ու պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, արձանագրում է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, նշում՝ Ադրբեջանի ձեռագիրը նույնն է ու չի փոխվում:

Տարոն Սիմոնյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու) - Պարզապես ռազմագերի չեն նրանք սպանում, այդ ռազմագերիներին սպանում են, որովհետև նրանք հայ են, էթնիկական ծագումը բերելով:

Ազգային ժողովի պատգամավորները սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը ներկայացրել են միջազգային գործընկերներին: Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում է ակնկալում:

Արման Եղոյան (ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ադրբեջանը, որոշակի չափի ճնշման դեպքում, ուղղակի պետք է հաշվի նստի այդ ճնշման հետ: Այս առկա քանակի ճնշումն իր ազդեցությունն ունենում է, այլ հարց է, որ դա բավարար չէ:

Արման Եղոյանի խոսքով՝ Եվրոպայում արձանագրում են Ադրբեջանի կատարած ոճրագործությունները, սակայն խուսափում են կտրուկ քայլերի դիմել, որովհետև այդ երկրի հետ ունեն առևտրային կապեր:

Արման Եղոյան - Պետք է վերջ ի վերջո պետությունները և ԵՄ ինստիտուտներն ընտրեն՝ իրենք արժեքներն են պաշտպանում, թե բիզնես են անում:

Բաքուն, օգտվելով տնտեսական լծակներից, իրեն թույլ է տալիս անգամ խախտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշում է Եղոյանը` ընդգծելով՝ Ադրբեջանը երկու անգամ խոստացել է վերադարձնել հայ ռազմագերիներին, սակայն դրժել է խոստումը:

Արման Եղոյան - Միջազգային խուլիգանություն է ուղղակի գնալ, նստել, համաձայնել որևէ բանի շուրջ, հետո գալ տուն ու ուղղակի դրժել, այն էլ` Վաշինգտոնի համաձայնությամբ կայացած պայմանավորվածությունը:

Որպեսզի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կանխվեն, միջազգային ճնշումից բացի` դրանց պետք է տալ իրավական գնահատական, քրեական գործերին կցել նաև հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը, ասում է Տարոն Սիմոնյանը:

Տարոն Սիմոնյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մենք մի քանի գործեր կարողացել ենք բերել, և նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործ կա, որը վերաբերում է ռասսայական խտրականության բոլոր ձևերի արգելմանը, և այս գործերի շրջանակներում սրանք լուրջ փաստական հանգամանքներ են, որ պետք է օգտագործվեն:

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ կան նաև այլ գործիքներ, որոնք կարելի է օգտագործել ընդդեմ Ադրբեջանի: Որպես օրինակ Սիմոնյանը նշում է «Պատանդ վերցնելու դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Տարոն Սիմոնյան - Նրանք ռազմագերիներին և այլ անձանց, որոնց պահում են, օգտագործում են որպես պատանդ, քաղաքական դիվիդենտ շահելու համար, իսկ սա այս կոնվենցիայի ուղղակիորեն խախտում է:

Ռազմական հանցագործություններ կատարող Ադրբեջանի դեմ իրավաբանն առաջարկում է կիրառել իրավական ամբողջ զինանոցը, նաև ներպետական ընթացակարգերով դատել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում