Նախադպրոցական կրթական հաստատությունները հոկտեմբերից պարտադիր կլիցենզավորվեն

ՀՀովհաննես Վարդանյան

Հոկտեմբերից նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները պետք է պարտադիր լիցենզավորվեն, հակառակ դեպքում հնարավորություն չեն ունենա գործունեություն ծավալել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս փոփոխությամբ ցանկանում է ոլորտում միասնական և հավասար պայմաններ ստեղծել: Այս ոլորտն առաջին անգամ պետական մակարդակով կվերահսկվի:

Աշոտ Արշակյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալության պետ) - Կան այդպիսի 300 կազմակերպություններ, որոնք իրականացնում են կրթական ծառայություններ: Սրանք բոլորը գալու են լիցենզավորման: Թե դրանցից որ մասը կլիցենզավորվի՝ ես չեմ կարող ասել, որովհետև կան հստակ պայման-պահանջներ: Որոնք կբավարարեն այդ պայման-պահանջները, բնականաբար, կլիցենզավորվեն: 

Չլիցենզավորված 300 մասնավոր ընկերությունների մոտ 90 տոկոսը գործում է Երևանում: Ըստ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանի՝ այս փոփոխություններով ապահովվում են նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում սովորող երեխաների առողջությունն ու անվտանգությունը:

Աշոտ Արշակյան - Բոլոր այն կազմակերպությունները, որոնք հիմնական նախադպրոցական ծառայություններից զատ այլ ծառայություններ են իրականացնելու և փորձելու են լիցենզավորվել այդ ծառայությունների համար, նրանք բոլորն իրենց կրթական ծրագրերը ներկայացնելու են կրթության և գիտության նախարարություն, որտեղ այդ ծրագրերն անցնելու են համապատասխան փորձաքննություն, և նոր հաստատվելուց հետո նրանք կգան լիցենզավորման դաշտ: 

Առանցքայինը կրթության բովանդակության հարցն է, այնուհետև կուսումնասիրվեն շենքային պայմանները, ֆիզիկական միջավայրը, նյութատեխնիկական բազան, մանկավարժական կազմը: Նախարարության մասնագետներն այս ամենն ի մի կբերեն, որից հետո կտան փաստաթուղթ, կերաշխավորեն կրթական ծրագիրը:

Աշոտ Արշակյան - Նախադպրոցական կրթական ծրագրերի հիմնական խնդիրն ուղղված է դպրոցին երեխաներին պատրաստելուն, իսկ պետության կողմից այս ոլորտը չվերահսկվելու դեպքում հասկանալի չէ, թե ինչպիսի կրթական ծրագրեր են մատուցվում այդ երեխաներին, արդյոք դրանք համահո՞ւնչ են նրանց տարիքային զարգացմանը, կարիքներին, դպրոցին պատրաստվելուն:

Նախկինում լիցենզավորման ենթակա էին միայն նախադպրոցական հիմնական ծրագրերը: Զարգացման կենտրոնների անվան տակ նախադպրոցական ծառայություններ իրականացնող բազմաթիվ ընկերություններ մինչ այժմ գործել են առանց լիցենզիայի, պատճառաբանել՝ այլընտրանքային ծրագրեր են իրականացնում: Օրենքով այս պահին պարտադիր չէ 3-5 տարեկան երեխաների հաճախումը նախադպրոցական հաստատություններ: Կառավարարության ծրագրով նախատեսվում է առաջիկա 5 տարում երեխաների ներգրավվածությունն այդ ծրագրերին հասցնել 85 տոկոսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում