Ակնաբուժական ախտորոշիչ կլինիկա՝ աչքի շարժական հիվանդանոցի փոխարեն

ՀՀայկուշ Ասլանյան

Արմավիրում աչքի շարժական հիվանդանոցին փոխարինելու է եկել ակնաբուժական ախտորոշիչ կլինիկան: Դա, սակայն, չի նշանակում, որ անիվների վրա գործող «Լույս հայի աչքերին» ծրագիրն այլևս շրջիկ ծառայություն չի մատուցի:

Նունե Եղիազարյան («Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Շարժական հիվանդանոցը կշարունակի գալ Արմավիր, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանա գնալ Երևան կամ այլ քաղաքներ, կարող են բուժում ստանալ շարժական հիվանդանոցում:

Կլինիկան հիմնել է «Հայկական ակնաբուժական նախագիծ» հիմնադրամը, որը 19 տարի է՝ առողջապահական ծառայություն է մատուցում Հայաստանում: Հիմնադրամը 5 կենտրոն է բացել նաև հեռավոր բնակավայրերում, որտեղ, բացի ախտորոշումից ու բուժումից, նաև վիրահատություններ է իրականացվում: Ի տարբերություն այդ մարզերի՝ Արմավիրի ակնաբուժականում վիրահատություններ չեն լինի:

Սաթենիկ Թովմասյան (Արմավիրի մարզպետի խորհրդական) - Այն բնակիչները, որ կունենան վիրահատության անհրաժեշտություն, անվճար կվիրահատվեն շարժական վիրահատարանում, որը հագեցած է նորագույն սարքավորումներով:

Նորաբաց կլինիկան հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով: Դա հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել աչքի՝ նոր-նոր սկսվող հիվանդությունները, այլև անցկացնել խորացված հետազոտություններ, և մեկընդմիշտ վերացնել խնդիրը: Լսելով նորաբաց կենտրոնի մասին՝ արմավիրցիները շտապում են հետազոտվելու:

Անգին Ավետիսյան (Արմավիրի բնակիչ) - Ժամանակակից սարքերով պետք է ստուգվի, արդեն լավ է:

Նունե Եղիազարյան - Սարքավուումներն ավելի քան բավարար են՝ բարձր ախտորոշում իրականացնելու, նաև բուժելու են՝ ինչպես առաջ, բայց ավելի բարձր մակարդակով, քանի որ հնարավորություն է լինելու ավելի լավ ախտորոշել ու շարունակական վերապատրաստվել:

Բժշկական ծառայությունն անվճար է: Սպասարկում են արտասահմանում վերապատրաստված ակնաբույժները:

Ռոջեր Օհանեսյան («Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի հիմնադիր նախագահ) - Այստեղ կաշխատեն մարզի այն բժիշկները, որոնք վերապատրաստում կանցնեն ԱՄՆ-ում, Անգլիայում՝ մեր մասնագետների կողմից: Վերապաստարստվելու են որպես նեղ մասնագետներ: Նման կենտրոններ ունենալը շատ կարևոր է, որովհետև եթե ակնային խնդիրները ժամանակին չախտորոշվեն և չբուժվեն, դժվար կլինի խուսափել կուրանալու վտանգից:

19 տարվա ընթացքում հիմնադրամը միայն շարժական հիվանդանոցում սպասարկել է մոտ 68 հազար արմավիրցու, որից 26 հազարը՝ երեխաներ: Մշտական հասցեն հնարավորություն կտա ընդլայնել ծառայության մասշտաբները: Մոտ ապագայում հիմնադրամը ախտորոշիչ կենտրոններ կհիմնի ևս 5 մարզում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում