Քուրդ զինյալներին ՀՀ-ն չի արտահանձնել Թուրքիային. սահմանահատման և դատավարության մանրամասները

ԼԼիլիթ Ասատրյան

Ազգությամբ քուրդ Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին Հայաստանը ոչ միայն չի արտահանձնել, այլև այս տարվա օգոստոսից նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել, պնդում են իրավապահ կառույցները:

Աղմուկը բարձրացավ «Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի» մամուլի ծառայության հայտարարությունից հետո, թե Հայաստանի հատուկ ծառայություններն են քրդերին ձերբակալել ու փոխանցել Թուրքիային: Նրանք այժմ, ըստ մամուլի հրապարակումների, ձերբակալված են և գտնվում են Թուրքիայում:

Իսկ ինչպես են հայտնվել քուրդ զինյալները Հայաստանում և ինչ դատական պրոցեսներում են ներգրավված եղել:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) -  2021 թվականի օգոստոսի 16-ին նշված անձինք ապօրինի կերպով հատել են Արաքս գետը և մտել ՀՀ պետական սահման` իրենց հետ մաքսանենգության ճանապարհով փոխադրելով հրազեն և ռազմամթերք, չունենալով հրազեն և ռազմամթերք փոխադրելու հետ կապված թույլտվություն:

Ազգային անվտնագության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում քուրդ զինյալներին մեղադրանք է առաջադրվել 2021-ի օգոստոսին Իրանից Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու և մաքսանենգությամբ Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու համար: Խոսքը 2 ինքնաձիգի, մեկ ատրճանակի, 318 փամփուշտի և 4 նռնակի մասին է:

Յըլդըրըմի և Չիչեքի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հետագայում գործը փոխանցվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արփինե Սարգսյան - Դատարանը թե Աթիիլա Չիչեքին, թե Հուսեին Յըլդըրըմին մեղավոր է ճանաչել նշված հանցանքների կատարման մեջ և դատապարտել է ազատազրկման՝ զուգորդված բնականաբար գույքի բռնագրավմամբ:

Յըլդըրըմը և Չիչեքը ցուցմունքում նշել են, որ Քրդական բանվորական կուսակցության անդամներ են, զինամթերքը Թուրքիայի դեմ պայքարում օգտագործելու համար է: Ընդգծել են՝ մաքսանենգությամբ չեն զբաղվում, հայտնաբերված զենքը կրում են ամեն օր:

Քրդերի հավաստմամբ` սահմանը անցնելու նպատակ չեն ունեցել, պարզապես տեղեկացված չեն եղել, որ այն անցնում է գետի մեջտեղով։ Քուրդ զինյալները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, սակայն պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Արփինե Սարգսյան - Վերաքննիչ դատարանի կողմից մասնակիորեն փոփոխվել են նշանակված պատժաչափերը. 7 տարի ժամկետով ազատազրկումն, ըստ էության, փոխարինվել է 5 տարի ժամկետով ազատազրկմամբ, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակները, ըստ էության, պահպանվել են: Ինչու է Վերաքննիչ դատարանը կատարել այս փոփուխությունը. որովհետև գնահատել է, որ առաջին ատյանի դատարանը պատշաճ կերպով չի անդրադարձել տվյալ անձանց պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներին, խորապես չի դիտարկել նրանց վարքագիծը:

Նշանակելով 5 տարի ազատազրկում` երկուսի դեպքում էլ Վերաքննիչ դատարանը պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է 3 տարի փորձաշրջան:

Արփինե Սարգսյան - Վերաքննիչ դատարանի ակտից հետո տարվել է նաև Վճռաբեկ բողոք թե՛ դատախազության կողմից, և թե՛ նաև ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքը վարույթ չի ընդունվել:

Բացի պատժի մեղմացումից՝ վերաքննիչ դատարանը որոշել է քուրդ զինյալների խափանման միջոց կալանքը վերացնել և նրանց ազատ արձակել դատարանի դահլիճից: Երբ Վերաքննիչի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, այն ուղարկվել է Պրոբացիայի ծառայություն կատարման՝ արդեն հուլիս ամսին:

Արփինե Սարգսյան - Դրանից հետո, բնականաբար, մենք ունենք ընթացակարգեր` որպես վերահսկողություն իրականացնող մարմին, որպեսզի կարողանանք հայտնաբերել շահառուին, նրա հետ կազմել վերահսկողության պլան, նրան հաշվառել և ըստ այդմ` այս երեք տարի ժամանակահատվածով փորձաշրջանը պատշաճ կերպով իրականացնել: Բայց օգոստոսի 8-ին Սյունիքի մարզային մեր գործընկերները բացահայտել են, որ տվյալ անձինք չեն հայտնաբերվում:

Փոխնախարարի խոսքով՝ քանի որ անձինք կապի դուրս չեն եկել, հայտարարվել է հետախուզում:

Արփինե Սարգսյան - Դրանից հետո որևէ տեղեկատվություն չենք ստացել անձանց մասով:

Խոսելով արտահանձման մասին` Արփինե Սարգսյանը նշում է՝ դատապարտյալների փոխանցումը կատարվում է տվյալ անձի քաղաքացիության երկրում պատժի մնացած մասը կրելու նպատակով, իսկ այս դեպքում քրդերը Հայաստանում ոչ թե պատիժ են կրել, այլ եղել են Պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո:

Քուրդ զինյալների համար տարբեր ատյաններում տարբեր հանրային պաշտպաններ են ներգրավված եղել: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Թամարա Բաղդասարյանը նույնպես պնդեց` այս գործով արտահանձնում իրականացվել չէր կարող:

Թամարա Բաղդասարյան (Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյան) - Մենք հանձնման գործընթաց չունենք, մենք պահանջ չունենք իրենց հանձնման վերաբերյալ, հանձնումը լրիվ ուրիշ գործընթաց է, քան այն, որ իրենք ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրվում են, դատապարտվում են, պատիժ են կրում և այլն, կամ արդարացվում են:

Թուրքիայում ձերբակալված քուրդ զինյալների հարազատները դիմել են Մարդու իրավունքների կազմակերպության Դերսիմի մասնաճյուղ: Կազմակերպության ներկայացուցիչը նշել է՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում արդեն երկու օր է` լուրեր են շրջանառում, որ Չիչեքը և Յըլդըրըմը սահմանն անցնելիս կալանավորվել են, սակայն չի հստակեցվում, թե խոսքը կոնկրետ որ սահմանի մասին է: Նա հավելել է, որ կալանավորվածների հարազատները ոչ մի լուր չունեն:

Աթիլա Չիչեքի մայրը դիմել է մի շարք պետական կառույցների` որդու մասին տեղեկություն ստանալու համար, սակայն ապարդյուն։ Կալանավորվածների հարազատներն անհանգստանում են նրանց կյանքի անվտանգության համար։ Կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել պատկան մարմիններին՝ հետևել օրենքի պահանջին և տեղեկություն տրամադրել Չիչեքի և Յըլդըրըմի հարազատներին:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում