Հրետակոծությունից տուժած յոթ քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանական վերջին վայրագություններից տուժած և ստացիոնար բուժում ստացող քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նա հրետակոծությունից տուժած 7 խաղաղ բնակիչներից մեկն էր: Այս պահին հիվանդանոցում բուժումը շարունակում է 2 քաղաքացի: Նրանցից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

Պետրոս Մանուկյան (ՍԳԼ ԲԿ բուժական գծով փոխտնօրեն) - Քաղաքացին 32 տարեկան, որը նույնպես պայթյունաբեկորային վնասվածքներ էր ստացել, որովայնի խոռոչի բեկորային կույր վիրավորում, փայծաղի, ստամոքսի վնասումով: Կատարվել է լայնածավալ վիրահատություն, փայծաղի հեռացում, ստամոքսի վնասված հատվածի վերականգնում, և առկա էր ստորին վերջույթների բազմակի բեկորային վիրավորում:

Տուժած քաղաքացու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, ապաքինման նման տեմպի դեպքում նախատեսում են առաջիկա օրերին դուրս գրել:

Պետրոս Մանուկյան - Սկզբնական փուլում հիվանդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մի քանի օր գտնվելով վերակենդանացման բաժանմունքում՝ հակաշոկային միջոցառումների բուժման արդյունքում վերականգնվել է, գտնվում է ապաքինման փուլում, ներկա պահին տեղափոխել ենք բաժանմունք:

Այս ԲԿ տեղափոխված մյուս քաղաքացին օրեր առաջ է դուրս գրվել: Նա պայթյունաբեկորային վնասվածք էր ստացել սեփական տանը:

Պետրոս Մանուկյան - Վերհոնքային շրջանի, ճակատային հատվածի և ձախ կոպի բեկորային վիրավորում, բեկորների առկայություն. կատարվել է վիրահատական միջամտություն, հեռացվել են բեկորները, ունեցել է գլխուղեղի ցնցման պատկեր, քաղաքացին ապաքինվել, դուրս է գրվել:

2 քաղաքացիներն էլ Սոթքից են եղել, հիվանդանոց են տեղափոխվել սեպտեմբերի 13-ի առավոտյան: Մանուկյանի խոսքով՝ տուժածների ոչ միայն առողջական վիճակն է բարելավվել, այլև՝ հոգեբանական:

Պետրոս Մանուկյան - Առաջին օրերին հոգեպես բավականին անկայուն վիճակում էին, լարված, բայց ԱՆ-ի հոգեբանական աջակցության խմբի կողմից տարվել են հոգեբանական բազմաթիվ աշխատանքներ, հիմա կարող եմ ասել՝ հոգեբանորեն կայուն են:

Հրետակոծությունից տուժած ևս մեկ քաղաքացի այսօր շարունակում է բուժումը մեկ այլ ԲԿ-ում: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում