Ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում ապատեղեկության մեծ ալիք չի եղել. փորձագետների գնահատականը

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում ապատեղեկության մեծ ալիք չի եղել, սակայն փորձագետները կարևոր են համարում մեծ լսարան ունեցող օգտատերերի մեդիագրագիտության բարձրացումը: Հակառակորդի քարոզչական նյութերը երբեմն հենց այդպիսի հարթակներով են տարածվում, և կարևոր է վերլուծել ու հասկանալ տեղեկության հավաստի լինելը:

Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր) - Ինֆորմացիան երբ գալիս է՝ շատ չշտապել, փորձել հասկանալ` ով է ինֆորմացիա փոխանցողը, որն է ինֆորմացիայի աղբյուրը:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային զուգահեռ` Ադրբեջանը ակտիվ աշխատում է նաև սոցիալական հարթակներում, երբեմն քարոզչական նյութեր տարածում մեծ լսարան ունեցող էջերում:

Գեղամ Վարդանյան - Խմբի տասնյակ հազարավոր անդամներ ունենալու հանգամանքը, այդ էջի` տասնյակ հազարավոր լայքեր ունենալու հանգամանքը կամ այդ գրառման հարյուրավոր տարածումներ կամ հազարավոր լայքեր և մի քանի հարյուր «քոմենթ» ունենալը չի նշանակում, որ դա հավաստի է:

Որպեսզի ադրբեջանական դաշտի կեղծ տեղեկությունները կամ քարոզչական նյութերը չհայտնվեն հայկական տիրույթում, օգտատերերի մի մասն առաջարկում է ռազմական ագրեսիայի շրջանում արգելափակել սոցիալական ցանցերն ու ադրբեջանական կայքերը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն այդ քայլը հարցի լիարժեք լուծում չի համարում, նշում է՝ պետք է մեդիագրագիտության բարձրացման աշխատանք տարվի օգտատերերի շրջանում:

Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Ադրբեջանական կողմի ձգտումը հենց դա է՝ հոգեկան տառապանք պատճառել, սարսափեցնել, կոտրել հայկական կողմի կամքը, և, հետևաբար, այն մարդիկ, ովքեր վերցնում, վերատարածում են, մանրակրկիտ վերլուծում են, հրապարակում են սա, իրենք պետք է հասկանան՝ ինչ են անում: Իրենք անմիջականորեն աջակցում են ադրբեջանական օրակարգին:

Ռազմական գործողությունների վերաբերյալ «Տիկտոկ»-ում որոշ տեսանյութերի հրապարակումից հետո թեպետ սոցիալական հարթակը Հայաստանում որոշակի արգելափակվեց, սակայն Արթուր Պապյանն արձանագրում է՝ օգտատերերը գտնում են այն շրջանցելու ելքերը: Փորձագետի համոզմամբ՝ պետք է այս հավելվածում մեծ լսարան ունեցող հայերի միջոցով հստակ ուղերձներ հասցնել միջազգային լսարանին:

Արթուր Պապյան - Աշխարհի ամենաարագ աճող տեսանյութերի հարթակն է, և այստեղ պետք է հայկական տեսակետը հնչեցնել:

Ուսումնասիրելով վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայ օգտատերերի պահվածքը` մեդիափորձագետներն արձանագրում են` նախորդ դեպքերի համեմատ՝ ապատեղեկությունների մեծ ալիքներ չեն եղել: Սոցիալական հարթակում խուճապ չտարածելու ու խուճապի չենթարկվելու համար էլ փորձագետները հորդորում են առավել պատասխանատու մոտենալ կասկածելի բովանդակությամբ լուրերին:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում