Իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակը՝ Ջերմուկի մատույցներում շրջափակված ադրբեջանցիների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին օրերին համացանցում տեղեկություն է տարածվում, թե Հայաստանի այս կամ այն քաղաքի բնակիչների շրջանում խուճապային տրամադրություններ են: Անծանոթ ու կասկածելի վարքով, հայերենին վատ տիրապետող կամ ընդհանրապես չտիրապետող մարդիկ նրանց դիվերսանտ են թվում: Ոմանք դիմում են ոստիկանություն, ոմանք էլ, լսելով, որ քաղաքում կարծես դիվերսանտներ կան, փորձում են ինքնուրույն փնտրել ու վնասազերծել նրանց:

Դիվերսանտների մասին լուրերը մեկը մյուսին հաջորդելով տարածվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո: Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Սիմոնյանն ասել էր.

«Կա ներթափանցած մեկ-երկու խումբ` այս պահի դրությամբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, և դրանք դուրս կմղվեն, կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի»:

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Լուրերին» տված պարզաբանման մեջ նշեց, որ Ալեն Սիմոնյանը նկատի է ունեցել նույն օրը գլխավոր շտաբի պետի հրապարակած տեղեկությունը, սակայն դա վերաձևակերպել է իր բառերով: Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանելիս նա հղում էր արել Էդվարդ Ասրյանին:

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ջերմուկից որոշակի հեռավորության վրա գտնվում է հակառակորդի մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից: Նա նշել էր, որ խումբը կողքերից շրջափակված է, և եթե սնունդ ու ջուր չստանա, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները կսպառվեն, և կորցնելով կենսունակությունը՝ խումբը հետ կքաշվի:

Մեծ հաշվով իրադրությունը շտաբի պետի հայտարարությունից այս կողմ քիչ փոփոխություն է կրել, և, ինչպես արդեն նշվել է, հակառակորդը վեց տեղում հարձակում է իրականացրել:

Անդրադառնալով Ջերմուկի մատույցներում շրջափակման մեջ մնացած ադրբեջանական խմբին՝ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պատասխանեց.

«Իրադրության փոփոխություն տեղի չի ունեցել: Լինելու դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում