Ռուսաստանը չի նախատեսում կրճատել Հայաստանում ներդրումները. Վոլվաչ

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ-Ն ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԿՐՃԱՏԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ՎՈԼՎԱՉ

Ռուսաստանը չի նախատեսում կրճատել ներդրումները Հայաստանում, սակայն ներդրումային նախագծերը որոշակի փոփոխություն են կրել՝ Հայ-ռուսական 9-րդ գործարար համաժողովի ամփոփման ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:

Նրա խոսքով նախատեսվող նախագծերում ռուսական կողմն ակնկալում է կատարել ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում։ Ռուսաստանցի փոխնախարարն ընդգծել է, որ փոխադարձ ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել աճում:

ԻՐԱՆԸ ՌԴ-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԳԱԶ ԿՍՏԱՆԱ

Իրանի նավթի նախարարության տվյալով՝ մոտ ժամանակներս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից կիրականացվեն գազի սվոփային մատակարարումներ:
Նախարարությունից հայտնել են նաև, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի Իրանի հարավից հեղուկ գազ արտահանելու մասին՝ Ռուսաստանից օրական 6 մլն խորանարդ մետր գազի դիմաց։ Իրանը նաև պատրաստվում է Ադրբեջանի միջոցով 9 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ գնել։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, Ուկրաինան կկարողանա վերադարձնել իր տարածքները։

«Եթե ցանկանում ենք խաղաղություն հաստատել Ուկրաինայում, ապա, իհարկե, տարածքների վերադարձն այդ երկրին իսկապես կարևոր քայլ կլինի»,- նշել է նա PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ խաղաղության հասնելու ճանապարհին հարկավոր է աջակցել ոչ միայն Կիևին կամ Մոսկվային, այլև փնտրել լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերի շահերը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պայքարում է իր երկրի շահերի համար և ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Էրդողանը տեղեկացրել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են 200 գերիների փոխանակման մասին:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ. ԽԱԿԻՄՈՎ

Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի և համապատասխանի մի շարք չափանիշների՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը նրա անդամակցության հարցը քննարկելու համար՝ հայտարարել է ՇՀԿ հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։
Նրա խոսքով՝ այդ չափանիշների թվում է նաև եվրասիական տարածաշրջանին պատկանող ՇՀԿ անդամ երկրների հետ դիվանագիտական և առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը։

Ավելի վաղ՝ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությունն է։ Նա նաև հավելել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն ներկայացնել Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

ՔՈՒԹԱՅԻՍՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԱՆՁԸ ԶԱՎԹԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Քութայիսում զինված անհայտ անձը զավթել է Վրաստանի բանկի մասնաճյուղը՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Պատանդներից մեկը սոցցանցի ուղիղ եթերում հայտնել է զավթիչի պահանջը. ուղղաթիռ, 2 մլն դոլար և ռուսական դրոշ: Տեսանյութում զավթիչը զգուշացրել է, որ պայթուցիկ սարքեր է միացրել։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ զինված կողոպտիչը բանկում պահում է 12 պատանդի։

ԽԵՐՍՈՆՆ ՈՒ ԼՈՒԳԱՆՍԿԸ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՌԴ ԿԱԶՄ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Խերսոնի շրջանի իշխանությունները որոշում են կայացրել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել՝ հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կազմում լինելը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։

Լուգանսկի ղեկավարը նույնպես օրենք է ստորագրել Ինքնահռչակ ժողովրդական հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Նույն որոշման մասին հայտարարել են նաև Դոնեցկի իշխանությունները:

Նշվում է նաև, որ հանրաքվեն ձախողելու փորձերը կդիտարկվեն որպես հանցանք։ Հանրաքվեները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ից 27-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է՝ ստեղծված իրավիճակը ապացուցում է, որ Դոնբասի բնակիչները ցանկանում են դառնալ սեփական ճակատագրի տերը։
 
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՌԴ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Պետդուման հավանություն է տվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնց համաձայն հստակեցվում են «մոբիլիզացիա», «ռազմական դրություն», «զինված հակամարտություն» հասկացությունները։

Փաստաթղթում նշվում է՝ զորակոչիկների չներկայանա կամ դասալքության դեպքում առաջարկվում է օրենքը խախտողին դատապարտել մինչև տասը տարի ազատազրկման։

Օրինագծի համաձայն՝ պահանջը խախտելու դեպքում հավաքներին կանչված պահեստազորային ռուսաստանցիները կպատժվեն պայմանագրային և ժամկետային զինծառայողների համար պատժի կրման սահմանված կարգով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում