Նախարարությունը պոլիկլինիկաների զարգացման ծրագիր ունի. ԱԺ հանձնաժողովն էլ իր տարբերակն է մշակել

ՄՄարիա Գաբրիելյան

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների ծրագիր է մշակել: Այդ մակարդակում խնդիրները վերացնելը կարևորում են հատկապես պարտադիր բժշկական ապահովագրությանն ընդառաջ, քանի որ առաջնային օղակը բավականին մեծ ծանրաբեռնվածություն է ստանալու: Ոլորտի խնդիրները, որ մատնանշվում են, կապված են մարդկային ներուժի, դրա աշխարհագրական բաշխվածության, ֆինանսավորման, կառուցվածքի, ենթակառուցվածքների ոչ արդիականության, նաև գործունեության արդյունավետության հետ: Միջոցառումների 8 խումբ է առաջարկվում: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը առանձնացնում է, օրինակ, հետևյալը:

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ (ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Կառավարման օպտիմալացում. կարևոր ուղղություններից է, սա ենթադրում է առանձին փոքր իրավաբանական անձ հանդիսացող առաջնային օղակի պոլիկլինիկաների միավորում, ոչ թե պոլիկլինիկաների միավորում տարածքային այլ իրավաբանական միավորում՝ մեկ կառույցի մեջ՝ պահպանելով տարածքային հասանելիությունը: 

Սա, ըստ Զեյնալյանի, և՛ կառավարման արդյունավետությունը կբարձրացնի, և՛ անարդյունավետ ծախսերը կնվազեն: Ֆինանսական բարեփոխումները ևս կարևոր ուղղություն է համարվում:

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ - Մինչ այժմ ֆինանսավորումն իրականացվում է «պեր կապիտա» սկզբունքով, այսինքն՝ յուրաքանչյուր սպասարկվող տեղամասի բնակչի համար առաջնային օղակի բժիշկը ստանում է ֆիքսված գումար: Սա այնքան էլ արդյունավետ չէ, և առաջարկվում է հավելյալ մեխանիզմներ ներդնել՝ բացի «պեր կապիտա» ֆինանսավորումից, հաշվի առնելով որակական չափորոշիչները, այլ ֆինանսավորման մեխանիզմներ ներդնել: Սրա արդյունքում բժիշկների աշխատավարձը կտրուկ կբարձրանա: 

Առողջապահության նախարարությունն էլ ԱԱՊ օղակի բարեփոխումների ծրագիր ունի՝ էլի՛ դրա հրատապությունը հիմնավորելով նաև սպասվող պարտադիր ապահովագրությամբ: Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը դրա հետ կապված վերապահումնե՞ր ունի, թե իր ծրագիրը որպես լրացուցիչ աջակցություն է առաջարկում, որը պատրաստվում է ուղակել նախարարություն: Զեյնալյանն ասում է՝ իրականացվող բարեփոխումները հատվածական են, դա պետք է արվի մեկ-ամբողջական փաթեթով: Նախարարությունից նշում են՝ ԱԱՊ օղակի բարեփոխման միջոցառումների ծրագիրը նախարարի հրամանով հաստատվել է դեռ հուլիսին: Բացի այդ, ոլորտի բարեփոխումը կառավարության 2021 -2026 թվականների ծրագրում է: Հիմա աշխատում են օրինակելի մոդելների մշակման վրա՝ ըստ բնակավայրերի ու դրանց աշխարհագրական դիրքի:

ԱՐՏԱԿ ՋՈՒՄԱՅԱՆ (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Ներառել ենք բազմաթիվ հարցեր՝ կառուցվածք, աշխատավարձ, խրախուսում, սկրինինգային այլ ծրագրեր: 

Փոխնախարար Արտակ Ջումայանի խոսքով՝ գերատեսչության պատկերացրած ուղղությունները, մինչև նախարարի հրամանով հաստատվելը, ներկայացրել են ԱԺ գործընկերներին:

ԱՐՏԱԿ ՋՈՒՄԱՅԱՆ - Լրիվ գործընկերային, առողջ քննարկում է եղել: Որևէ առարկություն, կոնկրետ առաջարկներ փոփոխության հետ կապված՝ չեն եղել:

Նախարարությունում իրենց ծրագիրը հատվածական չեն համարում, բայց և վստահեցնում են՝ բաց են առաջարկների համար:
 

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում