Ինչու են ԲԿ-ները նշում, թե սպառվել է պետպատվերի գումարը. ՊՎԾ ստուգումները հիվանդանոցներում

ԼԼիլիթ Ասատրյան

Պետպատվերի գումարը սպառվել է՝ 2021-ի աշնանը բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին, որ բժշկական կենտրոններում այսպիսի պատասխան են ստանում: Վարչապետի հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայությունը սկսել է ուսումնասիրություն առողջապահության նախարարությունում՝ հենց այս հարցով. պետական առողջապահական գործակալությունում իրականացվող ուսումնասիրություններին զուգահեռ ստուգումները մեկնարկել են նաև պետական պատվերի մեծ մասնաբաժին ունեցող մեկ տասնյակ խոշոր ԲԿ-ներում:

Ռոմանոս Պետրոսյան (Պետական վերահսկողական ծառայության պետ) - Երրորդում ուսումնասիրությունները ամփոփման փուլում են, մնացածում շարունակվում են կամ նոր են մեկնարկելու:

Թե կոնկրետ որ բժշկական կենտրոններում են արձանագրվել խախտումներ՝ Պետրոսյանը դեռ չի մանրամասնում. դեռ գործընթացը չի ավարտվել, որ ավելին ասեմ:

Վարչապետի կողմի հստակ հանձնարարարակններ կհետևեն ղեկավարներին

Ոլորտում համալիր բարեփոխումների անհրաժեշտություն կա, օրենսդրական բացն է հաճախ դառնում խախտումների պատճառ՝ կարծում է ՊՎԾ ղեկավարը, ներկայացնում ամենատարածվածները. երբ բաց դաշտ է ստեղծվում որոշակի անբարեխիղճ սուբյեկտների որոշումների ուղղությամբ:

Խոսքն այնպիսի դեպքերի մասին է, երբ պետությունը հոգում է ծախսը, փոխհատուցում է կոնկրետ բուժհաստատությանը կոնկրետ մարդու հիվանդության դեպքում, բայց կան սուբյեկտներ, կրկնակի գանձումներ են անում:

Մի մասի դեպքում արդեն կրկնակի գանձած գումարը վերադարձվել է բյուջե: Եղել են դեպքեր, երբ գումարը վերադարձվել է քաղաքացուն:

Բուժհաստատությունը կապվում է քաղաքացու հետ, ներկայացնում իրավիճակը, որ ձեր կողմից գանձնված վիճակը ենթակա է վերադարձի, տասնյակ դեպքեր են եղել:

Խախտումների մյուս մեծ չափաբաժինը կանխամտածված մեքենայություններն են, երբ պացիենտին անհրաժեշտ բուժօգնությունը պետպատվեր չի ենթադրում, բայց բուժաշխատողը ԱՐՄԵԴ համակարգում գրանցում է կեղծ տվյալներ՝ հիվանդություն, որի բուժումը պետպատվերի շրջանակում է, ու այդպիսով հիվանդանոցը գումար է ստանում բյուջեից. ունենք արդեն մի քանի քրեական գործեր հարուցված:

Շատ են նաև դեպքերը, երբ տեսնելով, որ հիվանդը վճարունակ է՝ օրենքով նախատեսված պետպատվերը չեն գրանցում՝ թողնելով այն, օրինակ՝ իրենց ծանոթին:

Պետական բյուջեից տրամադրվող պետպատվերի գումարները բավարար են կոնկրետ սոցիալական կարգավիճակ ունեցող քաղաքացիների բուժսպասարկումը իրականացումը համար, պետպատվերի հետ կապված խնդիր չպիտի լինի, եթե բժշկական ծառայությունները, գերատեսչության պատասխանատուները և առաջնակի օղակի բուժհաստատությունները բարեխղճորեն իրականացնեն իրենց պարտավորությունները պետության ու քաղաքացու նկատմամբ:

Վերջին տարիներին, ըստ առողջապահության նախարարության տվյալի, պետպատվերի միջոցներն աճել են: Չնայած 2018-ին, 2017-ի համեմատ, նախատեսված գումարը փոքր-ինչ նվազել է, 2019-ին ավելացել է ավելի քան 18 մլրդ դրամով՝ կազմելով 84,7 մլրդ, 2020-ին՝ 92, 5 մլրդ, 2021-ին պետպատվերի համար հատկացվող բյուջեն հատել է 100 միլիարդի շեմը: Այս տարվա տվյալները դեռ ամփոփված չեն:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում