Էկոնոմիկայի նախարարն Արմավիրում ծանոթացել է խաղողագործների խնդիրներին

ՀՀայկուշ Ասլանյան

Մեկ-երկու օրից խաղողի բերքահավաքը կսկսվի, բայց գյուղացիները դեռ չգիտեն՝ գործարանները որքա՞ն և ի՞նչ գնով կգնեն խաղողը: Սոխակ Հովհաննիսյանը մթերող ընկերություններից մեկի երկարամյա շահառուներից է: Ամեն տարի մինչև 180 տոննա խաղող է հանձնել, բայց տարեցտարի գործարանը նվազեցրել է մթերման ծավալները, վերջերս էլ խզել պայմանագիրը: Խաղողագործը բերքն այլ մթերողի է հանձնելու, բայց չգիտի՝ իր աճեցրած 200 տոննա խաղողն ամբողջությամբ կընդունե՞ն, ինչքանո՞վ:

Սոխակ Հովհաննիսյան (Այգեգործ) - Իրացնելը մի հարց է, գումար վաստակելը՝ մի: Կիրացնենք, անցած տարի էլ իրացրեցինք, բայց տակը գումար չմնաց: Անցած տարի 120-130 դրամով հանձնեցինք, այս տարի 120 են առաջարկում:

120 դրամը միայն ինքնարժեքն է՝ ասում էին էկոնոմիկայի նախարարին սպասող ամասիացիները, որոնք նախարար Քերոբյանին դիմավորեցին հենց մթերակայանի մոտ:

Լավ լուրի սպասող գյուղացիներին հետաքրքրում էին մթերվող խաղողի գինը, ծավալը և վճարման ժամկետները: Եթե ունեցածները կես հեկտար հող լիներ, 120 դրամով հանձնելը շահեկան կլիներ, բայց իրենց այգիները մեծ են. ծախսը՝ շատ, ապրանքի ինքնարժեքը՝ բարձր:

Վալերի Բաքոյան (այգեգործ) - Ես ունեմ 3 հա այգի, որակը՝ տեղը, բայց եթե պիտի հանձնեմ 120 դրամով, նույնն է, որ գարնանը ոչինչ չանենք:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Եթե դու աշխատում ես, վերջում ստացածդ եկամուտը փոքր է, ինչու չես գնում ուրիշ տեղ աշխատես:

Ամասիան այգեգործության ոլորտում մասնագիտացված գյուղ է: Ինչ հիշում են՝ խաղողի իրացման փուլում միշտ խնդիրներ ունեցել են, բայց որ գինեհումքն այսքան էժան գնահատվի՝ երբեք չէր եղել: Հետաքրքրվում էին՝ ինչ տրամաբանությամբ է խաղողի 1 կգ-ը 120 դրամ, երբ մեկ շիշ ջուրն ավելի թանկ է:

Վազգեն Հովհաննիսյան (այգեգործ) - Ես 1 կգ խաղող եմ մշակում, որ 1 լիտր ջուր գնեմ: Մի կիլո խաղողը մշակում եմ 8 ամիս, որ մի անգամ ջուր առնեմ
Հաշվարկեք ինքնարժեքը, վրան մի 30 դրամ էլ՝ եթե ցանկանաք՝ դրեք:

Պետությունն ուղիղ ազդեցություն չունի գնագոյացման վրա, բայց որպեսզի թեթևացնի գյուղացու ֆինանսական բեռը, պարբերաբար սուբվենցիաներ է տրամադրում:

Քերոբյան - Գարունը գալիս է՝ պարարտանյութն ենք սուբսիդավորում, ամռանը՝ մթերման վարկը:

Գյուղացի - Մի՛ սուբսիդավորեք, էդ սուբսիդիան դրեք խաղողի կամ այլ մրգի վրա, որ գյուղացին հասկանա՝ պետությունն իրեն օգնեց:

Քերոբյան - Եկող տարի այդպես էլ անելու ենք:

Դա՝ եկող տարի, իսկ հիմա միայն Արմավիրի մարզում 20 հազար տոննա խաղող կարող է մնալ վազին: Մարզի մթերակայանները միասին ի վիճակի են գնել մինչև 70 հազար տոննա:

Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Մեր կանխատեսումով՝ մարզում կարտադրվի 90-92000 տոննա խաղող: Գործարանները պատրաստ են մթերել մինչև 70000 տոննա, խնդիր կա 20000 տոննայի մթերման:

Քերոբյան - Ճշտում ենք՝ ինչքան ավելցուկային ծավալ կա, որ լրացուցիչ մթերեն, որ բերքը չմնա գետնին: Կարծում եմ՝ խնդիրը լուծելի է: Այն հարցերը, որ բարձրացրեցին, հավաքագրում ենք, որ եկող շաբաթ լուծենք:

Նախարարն ասաց՝ գյուղատնտեսության մասին օրենքում փոփոխություն է լինելու, ինչը պետությանը հնարավորություն կտա հասցեական սուբվենցիաներ տրամադրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում