Սահմանազատումը և սահմանագծումը պետք է կայանա բացառապես իրավական հիմքերի հաշվառմամբ. քարտեզագիր

ԱԱլիս Մելիքսեթյան

Սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվի՝ հաշվի առնելով առկա իրավական հիմքերն ու միջազգային նորմերը: Քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը նշում է, որ Ադրբեջանը, մինչև բուն գործընթաց սկսելը, պետք է իր զորքերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, քանի որ 1970-ին իր իսկ վավերացրած և մինչև այդ էլ առկա քարտեզներում այդ տարածքները Հայաստանինն են:

1970 թ. քարտեզը վերջինն է, որ վավերացրել են կողմերը: Ըստ Ռուբեն Գալիչյանի՝ այն կարող է բանակցությունների համար լինել մեկնարկային՝ ավելի հին քարտեզներն ուսումնասիրելու համար: Նշում է՝ որպեսզի Հայաստանը նոր տարածքային կորուստներ չունենա, սահմանազատման և սահմանագծման գործընթացը չպետք է կայանա` առանց իրավական հիմքերը հաշվի առնելու:

Ռուբեն Գալիչյան (ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր)Սեղանին այն քարտեզները կարող են լինել, որ գենշտաբն է պատրաստել, որ վավերացրել են 70-ին Հայաստանն ու Ադրբեջանը, և որ 2010-ին Կառավարությունը ներքին վարչական բաժանումները վավերացնելիս վավերացրել է: Ուզենք թե չուզենք՝ այդտեղից պետք է սկսենք, բայց այդտեղից սկսելու համար Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի այդ սահմանների վրա, որն ինքն է վավերացրել:

Փոխարենը Ադրբեջանը շրջանառում է կեղծ քարտեզներ՝ վստահեցնում է Գալիչյանը, շեշտում՝ կեղծիքով փորձում են նոր տարածքներ ունենալ:

Ռուբեն Գալիչյան - 70-ի քարտեզները Գլխավոր շտաբինն են, որ գծվել են 30-ականներին և ուժի մեջ եղել մինչև 80-ականները, օրինակ` Սև լճի հատվածում երևում է, որ մի փոքր հատված է Ադրբեջանում, մյուսը Հայաստանում է, իսկ Ադրբեջանը հիմա կեղծում է, ու զինվորը այդ կեղծածով գալիս է, մեր սահմանապահին ասում՝ սա է մեր քարտեզը:

Գալիչյանը շեշտում է՝ բանակցության գործընթացին ոչ թե հաղթող-պարտվող դիրքերից է պետք նայել, այլ միջազգային օրենքներով շարժվել:

Ռուբեն Գալիչյան - Իսկ միջազգային օրենքն ասում է, որ սահմանազատման ժամանակ պետք է ուշադիր լինել, գյուղացուն իր արոտավայրից, ապրուստից չկտրել, դա կատարվել է խորհրդային տարիներին, որը իրավունքի խախտում է:

Մանրամասնում է՝ դեռևս 1920-30-ական թթ․ ՀՀ սահմաններից մոտ 1500 քառակուսի կիլոմետր տարածք տրվել է Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը նպատակ ուներ քրդաբնակ շրջաններ ստեղծել՝ ոտնահարելով հայ գյուղացու բոլոր իրավունքները: «Կարմիր Քուրդիստանը» չստեղծվեց, բայց արոտավայրերը մնացին Ադրբեջանին։

Գալիչյանի դիտարկմամբ` հարցը իրավական ճանապարհով լուծելի է, կան արխիվներում փաստաթղթեր, նամակներ՝ գյուղացիներից:

Ռուբեն Գալիչյան - Չնայած բնօրինակը չենք տեսել, չունենք, Մոսկվան չի տրամադրել ոչ մեկին 1920-23-ին պատրաստած քարտեզները, բայց ունենք փոքրացրած տարբերակը, որը հրապարակվել է խորհրդային հանրագիտարանում 1926-ին: Տակն էլ գրված է` վավերացված է:

Քարտեզագիրը, անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, որ նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևան, նշեց՝ եթե երկուստեք ճանապարհները բացելու խնդիր կա, ապա համապատասխան պայմանագրում միաժամանակ պետք է դա ամրագրվի:

Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Ադրբեջանը կարող է հատել Հայաստանի սահմանը բացառապես Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում