Գործատուին ներգրավել կրթական գործընթացին. մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքը փոխվում է

ՀՀովհաննես Վարդանյան

Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքը փոխվում է: Նախագիծը քննարկման փուլում է, Կառավարությունն արդեն հաստատել է, շուտով կուղարկվի Ազգային ժողով: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններն ընդլայնել ու նոր որակի կրթություն ապահովել:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սա ամբողջությամբ նոր օրենք է, էդտեղ մանկավարժական աշխատողների, նրանց ուղղված առանձնահատուկ վարձատրության և մասնագիտական զարգացման քաղաքականությունն է ներդրվում, ոլորտի ֆինանսավորմամբ ամբողջությամբ նոր կարգ է ներդրվում, մասնագիտական չափորոշիչների կրեդիտային համակարգի, որակավորումների ազգային շրջանակի այս բոլոր գործընթացները դրվում նոր մակարդակում: 

Որ կրթության որակը փոխվի, շրջանավարտը համապատասխան գիտելիք ու աշխատանք ունենա, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք՝ համոզված են մասնագետները: Հաջողության հասնելու համար նախարարությունը պատրաստ է նաև մասնավորի հետ համատեղ կառավարման գնալ: Այսպիսի մոդելի հաջողված փորձ արդեն կա. Տավուշի տարածաշրջանային քոլեջի հիմքի վրա ֆրանսիացի գործընկերները ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր են ստեղծում:

Նորա Սարգսյան (Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության փորձագետ) - Հիմնական խնդիրը, որը մենք ունենք լուծելու այս օրենքով, այն է, որ ուսանողը, որ ստանում է կրթություն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հետագայում իրացվի աշխատաշուկայում, գտնի իր ստացած կրթությանը, իր որակավորմանը համապատասխան աշխատանք կատարի և ոչ թե այլ աշխատանք: 

Նորա Սարգսյանն ասում է՝ մեկ այլ փոփոխություն են առաջարկել՝ կրթական պրոցեսը մոտեցնել պրակտիկային. լսարանային դասերից բացի նախատեսվում է, որ մասնավորն ինքը կրթի իր ապագա աշխատողին:

Նորա Սարգսյան - Ներգրավվելով կրթական պրոցեսին՝ գործատուներին մենք ապահովում ենք, որ ուսանողը ստանա գործնականին առավելագույնս մոտ գիտելիք, այսինքն՝ տեսնի, թե ինչ է կատարվում աշխատաշուկայում, ուսուցման պրոցեսում հենց զուգահեռաբար սովորի կոնկրետ աշխատանք կատարել, ստանա համապատասխան հմտություններ և գիտելիքներ և դրանով իսկ հարթի իր մուտքը աշխատաշուկա»:

Հայաստանի կրթության զարգացման ծրագրին աջակցում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտը զարգացնելու համար առաջիկա չորս տարում նախատեսվում է 8.5 միլիոն եվրո ներդնել:

Վերներ Թութ (Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ) - Գերմանիայի, Ավստրիայի և Հայաստանի հետ գործակցությամբ մենք մեծ ջանքեր են ներդրել՝ ստեղծելու կարևոր մի ծրագիր: Մասնավոր հատվածին ներգրավելը չափազանց կարևոր է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության արդիականացման տեսանկյունից: 

Մասնագետները հույս ունեն, որ մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքը փոխելուց հետո մի քանի տարի անց հնարավորություն կունենան շրջանավարտների առնվազն 90 տոկոսին իրենց մասնագիտությամբ աշխատանքով ապահովել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում