Տանը առօրյա գործերով էինք, երբ պայթյունի լուրը եղավ. փրկարարները աղետի էպիկենտրոնում

ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Գևորգյան (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ ջոկատի խմբի պետ) - Տանը առօրյայով զբաղված էինք, տագնապ եղավ, ու միանգամից եկանք գույքը վերցրինք, եկանք դեպքի վայր:

Ջեյն Ղազարյան (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգ) - Առավոտը Ժամը 8-ից էստեղ ենք:

Տարածքը մտել ենք. սա երրորդ անգամ է, մտնում, դուրս ենք գալիս:

Եղել են պահեր, որ մոտավոր ցույց է տվել տեղը, ու ըստ այդմ սկսել են աշխատել փրկարարները:

Կարեն Ավետիսյան (ՓԾ փոխգնդապետ) - Փրկարարներ ունենք, որ հերթափոխն հանձնելուց հետո էլ չեն գնում, մնում են:

Փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը որոնողական աշխատանքներն ընդհատում է մի քանի րոպեով՝ մի կում սառը ջուր խմելու համար:

Կարեն Ավետիսյան - Ջուրն է մեզ պակաս, սառը. իրականում փրկարար ծառայողը ոչ մի բանի պակաս էլ չունի՝ արագ ավելացնում է, նաև չի մոռանում մեր մասին՝ ջուր կխմե՞ք:

2011-ից փրկարար ծառայությունում է աշխատում՝ արտակարգ իրավիճակների կենտրոնում. այսպիսի արտակարգ իրավիճակում դեռ չէր եղել:

Կարեն Ավետիսյան - Ունեցել ենք փլուզումներ, նմանատիպ իրավիճակներ, բայց ծավալներով համեմատվող չեն:

Առաջին մի քանի ժամը ողջ տուժածների հետ գործ ունեինք աշխատում էինք նույնիսկ չարդարացված ռիսկային պայմաններում: 
2 տուժածի դուրս բերելուն մասնակցել եմ:

Անցորդներ են եղել, ուղղակի կողքով անցնող են եղել... Էս փլատակներից աջ, 2 կին էին:

Վահե Գևորգյան - 13 ժամ հետո 4 ժամով գնացել եմ, հետո եկել եմ 26 ժամ, հետո 5-6 ժամով գնացել ենք ու նորից եկել ենք: Ինչքան էլ հրամանատարական կազմը ուզում է գնանք, մենք փշերի վրա ենք:

Ցավոք սրտի, դուրս եմ բերել 4 մարդկային դի. կուզեինք ողջ դուրս բերել:

Հուզմունքն ու մնացածն արդեն տուն գնալուց հետո է լինում, որ ողջ մարդկանց չես կարողանա գտնել:

Ռուբիկ Գաբրիելյան (ՀԱԷԿ-ի զոդող) - Նման բարդություններ եղել են միայն Լենինականում և Սպիտակում:

50 տարուց ավելի է՝ զոդող է Ռուբիկ Գաբրիելյանը, ատոմակայանից է եկել: Փրկարարները ցուցումներն էին ուզում, արգելում բարձրանալ փլուզման ենթակա շենք, բայց բարձրացել են:

Փրկարարներ, հրշեջներ, զոդողներ... Աղետը միավորել է մարդկանց: Մարդկանց կողքին նաև շներն են՝ կոչումով փրկարար: 

Ջեյնը իր 11 տարվա ծառայության 6 տարին Ջեկի հետ է անցկացրել:

Ջեյն Ղազարյան - Էդ պահին եթե գտնում է, նստում է, հաչում է: Հենց հիմա իրեն տանում եմ հանգստի: Մտնում ենք տարածք ինքը կես ժամ, ամենաշատը կես ժամ, էն էլ էս պայմաններն են դրա համար: Ահավոր են պայմաններն իր համար, քանի որ ծխապատ է ու իր շնչառական ապարատը խանգարում է:

Ջեկն էլ է փրկարար հատուկ նշանակության ջոկատից է: Պայթյունի առաջին իսկ օրից նրանք աղետի վայրում են:

Հայկ Նաղդալյան (ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության կենտրոնի ղեկավար) - Կազմում ունենք լեռնափրկարարներ, ջրասուզակներ, կինոլոգներ, հատուկ բարդությունների աշխատանքներ ենք իրականացնում:

17 տարի է ջոկատում է՝ սերժանտ փրկարարից մինչև հատուկ նշանակության կենտրոնի պետ: Առանց հերթափոխի տեղում է, որ տեղում անհրաժեշտության դեպքում փոխեն գործողությունների ընթացքը:

Մոտիկից չեն տեսնում, մենք հեռվից ենք տեսնում, ուղղորդում ենք, կախված պանելներ կան, որ բան չլինի:

Կրակի ու ծխի մեջ, ձեռքերով քարեր հանելուց մինչև փլուզվող երկաթբետոնը գլխին կախված՝ գնալ փլատակների մեջ: Փրկարար լինելու կոչումը նաև ընտրություն է ամբողջ կյանքի համար:

Վահե Գևորգյան - Հայրս, հորեղբայրս աշխատել են, հորեղբայրս հիմա էլ է աշխատում, սիրել եմ մանկուց, ես էլ քաղաքացի չեմ, ես փրկարար եմ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում