«Սուրմալուի» տարածքի փլատակներից հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին. բոլորը նույնականացված են

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Փրկարարները դեռ շարունակում են որոնել անհետ կորած մյուս քաղաքացուն՝ 55-ամյա Վանիկ Խաչիկի Ամիրխանյանին:

Որոնողական աշխատանքները վերջին երկու օրերին կենտրոնացել են նկուղի մի հատվածի ու երկրորդ հարկի ուղղությամբ՝ հաշվի առնելով հավաքված ու համադրված տեղեկատվությունը, թե դեպքի օրը որտեղ է գտնվել Սուրմալուի՝ անհետ կորած համարվող աշխատակիցը: Նա պահեստ էր գնացել՝ հաշվելու նախորդ օրը ստացած ապրանքը:

Հովհաննես Եմիշյան (ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ) - Քանի որ այդ հարկից նաև միանգամից փլուզում էր եղել նկուղ, նկուղի հատվածն էլ էինք նայել: Բացի դրանից, քանի որ պահեստային տարածքում բարձր ջերմաստիճան էր եղել (մենք 20 ժամից ավելի էդտեղ հրդեհաշիջում էինք անում), մոխրի բարձրությունը որ նայում ենք, մոտավորապես 1.5 մ մոխիր է եղել:

Նկուղում նրանից որևէ մասունք չի հայտնաբերվել: Որոնումներ դեռևս չեն արվել միայն մի փոքր տարածքում: Մոտավորապես մի, եթե մակերեսով նայենք, մի 40 քմ է մնացել, բայց խորությամբ իջնում է մինչև 3 մ:

Հավանական է, որ արդեն վաղը փրկարարներն ավարտեն որոնման աշխատանքները և պարզ կդառնա՝ կորած քաղաքացու գոնե մասունքներ գտնել հնարավոր եղավ, թե չէ:

Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին: Փլատակներից հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։

Պայթյունի հետևանքով տուժած և բուժհաստատություններ ընդունված 62 անձանցից երեքը դեռ հոսպիտալացված են: Առողջապահության նախարարությունից «Լուրերը» տեղեկացավ, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար և առաջիկա օրերին դուրս կգրվեն:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում