«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքները 5 օր է՝ շարունակվում են

ՎՎարդուհի Բալյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ 100 ժամ անց աղետի գոտին այսպիսի վիճակում է. որոնողական աշխատանքների 5-րդ օրն է: 2889 քմ տարածք ընդգրկող այս եռահարկ շինության կենտրոնական մասում է եղել պայթյունը, ալիքը հասել է նաև հարակից տարածքի տաղավարներին։

Մինչև նախորդ օրը՝ փրկարարական ու կամավորական խմբերը հերթափոխով 24 ժամ աշխատել են: Հարակից տարածքում որոնողական աշխատանքներն ավարտված են:

Երեկվանից ու նաև այսօր աշխատանքները կենտրոնացել են հենց աղետի վայրում՝ աշխատանքին էլ արդեն ընդգրկված է միայն փրկարարների հատուկ ջոկատը: Հատված-հատված առանձնացնելու-մաքրելու են՝ այդպես մինչև ամբողջ՝ 2889 քմ-ը լինի ստուգված:

Բայց հիմա արդեն աշխատանքները միայն լույսը բացվելուն պես են վերսկսում՝ շենքի տարածքը, որտեղ կենտրոնացած են աշխատանքները, շարունակում է մնալ վտանգավոր, փլուզման ենթակա: Որոնողական աշխատանքներին զուգահեռ՝ ինժեներական աշխատանքներ են կատարվում, ապամոնտաժվում են սյուները:

Տարածքում բացի փրկարար-հրշեջներից, նաև օրվա ընթացքում տաղավարների վարձակալներն են մոտենում՝ փոշու, քարերի, ապակիների արանքում իրենց ապրանքն է: Ինչպես թողել են պայթյունի պահին, հենց այդպես նույն տեղում են՝ բայց այսպիսի տեսքով:

Ինչքան պայթյունի էպիկենտրոնին մոտ ենք գնում, այդքան օդը ծանրանում է: Չնայած օգոստոսի 16-ին ժամը 17։49-ից հրդեհը մարվել էր, բայց հիմա էլ բետոնե մեծ կոնստրուկցիաները տեղափոխելիս դեռ ծուխ է բարձրանում. հովացման աշխատանքները չեն դադարում:

Չի դադարում նաև աղետի գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մարդկանց հոսքը՝ առանձին-առանձին, խմբերով, երբեմն՝ նաև ընտանիքներով:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում