Որոնողափրկարարական աշխատանքները 24 ժամից ավելի շարունակվում են. իրավիճակը տարածքում

ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված հրդեհից անցել է 24 ժամից ավելի: Մոտ 9000 քմ տարածք վերածվել է փլատակի:

Աշխատանքները չեն ընդհատվում նաև գիշերը, դրանց ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներ: Փլուզման հետևանքով տարածքում երկաթբետոնե փլատակներ կան, փրկարարներն աշխատում են դրանց դուրսբերման ուղղությամբ: Դեռ առավոտյան արդեն դուրս էր բերվել 500 մեքենա երկաթբետոնե փլատակ: Աղետի վայրում ծառայություն է իրականացնում արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ 10 մարտական հաշվարկ, ներգրավված է նաև ծանր տեխնիկա, դրանց թիվն ավելացվում է փլատակների մաքրման հետ համատեղ:

Արտյուշ Գրիգորյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ) - Փլատակներն ահռելի ծավալ են կազմում, շատ տարածք չունենք, որպեսզի տեխնիկա մուտք գործի: Տարածքի ազատմանը զուգահեռ, տեխնիկաների ազատմանը զուգահեռ՝ տեխնիկայի ներգրավվածությունը կբազմապատկվի ընթացքում:

Տեղանքում աշխատում է 158 փրկարար, ներգրավված են նաև փրկարար ծառայության Շիրակի և Լոռու մարզի որոնողական թիմերը: Ուժային կառույցների ծառայողներին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև անհատ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց մեքենաներն ու տեխնիկան: Փրկարարական ուժերի վարչության պետը չի ընդունում քննադատությունը, թե փրկարարները բավարար ուժեր չեն ներդնում:

Բագրատ Վարդազարյան (ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ) - Ամբողջ գիշեր փրկարարներն աշխատել են, հնարավոր չի անընդհատ, երկար ժամանակով փրկարարներն աշխատեն, հերթափոխ է պետք իրականացնել, մենք իրականացրել ենք այդ հերթափոխը: Այստեղ անվտանգության խնդիր կա, մեծ ռիսկեր գոյություն ունեն:

Օգոստոսի 14-ից դեպքի վայրում են նաև ՈՄԱ կազմակերպության կամավորները, որոնք ներգրավված են որոնողափրկարարական աշխատանքներում, աղետից տուժածներին էլ առաջին բժշկական օգնություն են տրամադրում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները:

Աննա Եղիազարյան (Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն) - Մեզ դիմել են առաջին օգնություն ստանալու համար 90 մարդիկ, ստացել են առաջին օգնություն: Դրանք եղել են այրվածքներ, տարբեր տեսակի ճնշման խնդիրներ, իսկ հոգեբանական աջակցության համար այստեղ աշխատում է 6-հոգանոց հոգեբանների թիմ, և 120 հոգի արդեն հոգեբանական աջակցություն է ստացել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս պահին հավելյալ կամավորների ներգրավման անհրաժեշտություն չեն տեսնում: Հրդեհի մարման աշխատանքներին ուղղաթիռ ներգրավելու գաղափարը նույնպես բացառել են:

ԱԻՆ-ն արձագանքել է նաև քննադատությանը, թե ինչու են հաճախ ձեռքերով հեռացնում քարերը՝ ընդգծելով, որ քանի դեռ հավանականություն կա, որ այդ հատվածում կարող է քաղաքացի լինել, փլատակներին ծանր տեխնիկա չեն մոտեցնում: Տարածքում երեկվանից աշխատում են նաև շները, նրանց գտած հետքերով իրականացվում են ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքներ:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում