Պետությունը կաջակցի ՀՀ-ում աշխատող բարձրակարգ մասնագետներին. կընդլայնվեն նաև սուբսիդավորվող ոլորտները

ՎՎահե Կոստանդյան

Տեխնոլոգիական հագեցվածության վերազինում, բարձր որակավորման մասնագետների ներհոսքի խթանում և բիզնեսի գործընթացների թվայնացում. երեք ուղղություններով իրականացվող միջոցառումներով պետությունը կփորձի բարձրացնել տնտեսության արտադրողականությունը: Ներկայումս մեր երկրում մարդու 1 ժամվա աշխատանքի արտադրողականությունը տատանվում է 6-7 դոլարի սահմանում, ինչը նույնիսկ տարածաշրջանում ցածր մակարդակ է համարվում՝ ասում է էկոնոմիկայի փոխնախարարը: Տեխնոլոգիական պարկի թարմացման նպատակով նոր մեքենասարքավորումներ գնելու պետական աջակցության փորձնական ծրագիրը մեկնարկել էր ամիսներ առաջ: Հատկացված գումարների անհրաժեշտություն բիզնեսն ուներ:

Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար) - Գրեթե բոլոր բանկերի հետ կնքել ենք պայմանագրեր, և արդեն երեք ամիս է՝ մեր տնտեսվարողներն օգտվում են այս ծրագրից: Ունենք ներկայիս դրությամբ 200-ից ավելի կնքված գործարք և 11 միլիարդ դրամից ավելի միջոցների տեղաբաշխում, որոնց համար տոկոսները պետությունն արդեն սուբսիդավորում է:

Սարքավորումը դրամով ձեռք բերելու դեպքում պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքի 10, արտարժույթի դեպքում՝ 8 տոկոսը: Փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը վստահ է՝ ծրագիրը ավելի մեծ արդյունքներ պետք է ունենա, քանի որ Կառավարության վերջին որոշմամբ՝ ընդլայնվել են նաև աջակցություն ստացող ոլորտները և սարքավորումների ձեռքբերման առավելագույն սահմանաչափը:

Ռաֆայել Գևորգյան - Առավելագույն սահմանաչափը սարքավորումներ ձեռք բերելու համար մեկ գործարքի համար դրված է մինչև 10 մլրդ դրամը:

Միայն մշակող արդյունաբերության համար փորձնական ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ այն պետք է կիրառել նաև շինարարության, հանքարդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտի ընկերությունների համար: Փորձը ցույց է տվել նաև, որ ընկերությունները ոչ միայն նորագույն սարքավորումների, այլև բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք ունեն, ինչի համար պետությունը պատրաստ է վճարել նրանց աշխատավարձի մի մասը:

Ռաֆայել Գևորգյան - Որոշակի ցանկերում ընդգրկված ընկերություններում 10 տարուց ավելի աշխատանքային փորձ ունենալու դեպքում, եթե մասնագետները որոշեն Հայաստանում գալ աշխատեն, ապա Կառավարությունը կվերադարձնի նրանց աշխատավարձի 20 տոկոսի չափով գումար, ինչը գրեթե նույնականացվելու է վճարված եկամտահարկի հետ: Ըստ էության, այդ աշխատողները կվճարեն եկամտահարկ, որը իրենց կվերադարձվի հետագայում: Այստեղ կա առավելագույն սահմանաչափ, Կառավարության կողմից կվճարվի ոչ ավելի, քան 1 մլն դրամ ամսական կտրվածքով:

Այն աշխատողները, որոնք կունենան 400 լավագույն բուհերի կրթական աստիճաններ, նույնպես կստանան պետության աջակցությունը:

Ռաֆայել Գևորգյան - Այդ մասնագետները պետք է նախորդ 30 ամսվա 12 ամիսը գտնված լինեն արտասահմանում: Խոսքը գնում է նոր կամ վերջերս Հայաստան եկած կամ ապագայում Հայաստան եկող մասնագետների մասին: Դոկտորական աստիճան ունեցող մարդիկ, ովքեր դոկտորականը կստանան 400 լավագույն բուհերից, կստանան 50 տոկոսի չափով աջակցություն Կառավարության կողմից, որը չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը:

Աշխատավարձի 70 տոկոսի չափով հետվերադարձ է նախատեսված նաև թեկնածուական պաշտպանողների համար, սակայն նրանք պետք է պատրաստ լինեն դասավանդել Հայաստանի բուհերում: Պետական աջակցությունից կարող են օգտվել նաև Հայաստանում աշխատող, սակայն արտերկրում վերապատրաստվելու ցանկություն ունեցող մասնագետները: Բարձրակարգ կադրերի խնդիր գրեթե բոլոր ոլորտներում կա՝ ասում է Ռաֆայել Գևորգյանը: Տնտեսության արտադրողականության բարձրացման համար անհրաժեշտ է, որ ընկերությունները կարողանան մրցունակ դարձնել իրենց արտադրատեսակները, ինչը հնարավոր է անել միայն նորարարությունների վրա աշխատող գիտահետազոտական թիմերի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում