Դեպի ՌԴ հարավի օդանավակայաններ թռիչքի արգելքը երկարաձգվել է մինչև օգոստոսի 5-ը

ԴԴիանա Գասպարյան

«ՌՈՍԱՎԻԱՑԻԱՆ» ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՌԵԺԻՄԸ

Ռոսավիացիան մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում: Այդ մասին տեղեկացրել են գերատեսչությունից:

Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները մինչև նշված ժամանակահատվածը ինքնաթիռներ չեն ընդունի:

Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ընտրել այլընտրանքային երթուղիներ՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:

Ռուսաստանը փակել է երկրի օդանավակայանների մի մասը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո:


ԹՈՒՐՔԱԿԱՆ BAYKAR-Ը «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԿՆՎԻՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Թուրքական Baykar ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու կնվիրի Ուկրաինային, իսկ Լեհաստանի կողմից այդ սարքը գնելու և Կիևին փոխանցելու համար հավաքված շուրջ 5 մլն դոլարը կօգտագործվի ռազմական գործողություններից տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։

Baykar ընկերության տնօրենների խորհուրդը նամակ է հրապարակել, որում ասված է. «Մենք ցանկանում ենք, որ ուկրաինացիները կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»:


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ

Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման՝ հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմի ավարտին նվիրված ելույթում:

«ԱՄՆ-ը սխալմամբ մեր ամենօրյա գործողությունները սադրանքներ և սպառնալիքներ է որակում, սակայն դրան զուգահեռ լայնածավալ համատեղ զորավարժություններ է անցկացնում, որոնք լրջորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը»,- ասել է Կիմը։

Նրա խոսքով՝ Հս. Կորեայի զինված ուժերը կարձագանքեն ցանկացած ճգնաժամի, միջուկային զսպման ուժերը նույնպես կարող են կիրառվել:

Կիմ Չեն Ընը նաև զգուշացրել է Հարավային Կորեային, թե հարևան երկրի բանակը կոչնչացվի Հյուսիսային Կորեայի վրա հարձակվելու փորձի դեպքում:

Սեուլն արձագանքել է. «Մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը և ժողովրդին՝ հիմնվելով Միացյալ Նահանգների հետ մեր դաշինքի վրա»,- ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։


ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 570 ՄԼՆ ԴԵՊՔ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք։ Օրական այդ թիվը գերազանցել է 1 միլիոնը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 000-ի։

Կազմակերպությունից հայտնում են, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում։ Այնուհանդերձ, նշվում է, որ 1 շաբաթվա առումով՝ քովիդով վարակման դեպքերը պակասել են 3 %-ով։

Տվյալներ են հաղորդվում նաև կապիկի ծաղիկի տարածման դինամիկայի մասին: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ 78 երկրում արձանագրվել է հվանդության վարակման ավելի քան 18 000 դեպք, գլխավորապես՝ Եվրոպայում:

Բարձր ռիսկային խմբերին, մասնավորապես՝ տղամարդկանց, խորհուրդ է տրվում պատվաստվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում