«Քայլ դեպի տուն». Հայաստանը կբացահայտի 400 սփյուռքահայ պատանի

ՌՌոզա Խաչատրյան

Արդեն երկու շաբաթ Հայաստանում է մի քանի հարյուր սփյուռքահայ պատանի:

Էրիկ Վարդանի («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Շատ կսիրեմ Հայաստանում ապրելը, գուցե համալսարանից հետո գամ:

Պարույր Գաբրիելյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Ի՞նչն եմ ես շատ սիրում ստեղ, որ էնտեղ չկա: Մարդիկ, մարդիկ ուրիշ են:

Դավիթ Խաչատրյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Շատ եմ սիրում Հայաստանը, լավն ա, հետաքրքիր:

Ազգային ինքնությունը պահպանելու ու զարգացնելու նպատակով մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրին:

Մարիա Արոյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Ծրագիրը նպաստում ա, որ մենք Հայաստանին ծանոթանանք որպես մեր տուն, ոչ թե որպես տուրիստներ:

Ճամբարն առաջին անգամ անցկացվում է Մոնթե Մելքոնյան անվան ռազմական ուսումնարանի տարածքում, հունիսի 27-ից օգոստոսի 20-ը՝ չորս փուլով:

Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Դասական ճամբարի ֆորմատ է, բայց ունի շատ ուժեղ և լուրջ կրթական, մշակութային բաղադրիչ: Մենք երբևէ չենք ընդհատել ճամբարի անցկացումը, նույնիսկ քովիդի ամենաթեժ պայմաններում՝ 2020-ին, պարզապես անցկացրել ենք անսովոր՝ առցանց ֆորմատով, 300 մասնակից ենք ունեցել:

Ծրագրի բոլոր ծախսերը հոգում է Կառավարությունը: Հաջորդ տարվա համար փոփոխություններ են պատրաստում:

Զարեհ Սինանյան - Մյուս տարվա համար նույնիսկ մտածում ենք մի քիչ այլ ֆորմատ, ճամբարում ներգրավել նաև տեղացի երեխաների, մանավանդ մեր նահատակված պաշտպանների երեխաներին:

13-օրյա ճամբարային ծրագիրը ներառում է հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ:

Դավիթ Խաչատրյան - Երևան, Սևանավանք, Օշական, հիմա՝ Գյումրի, Վանաձոր:

Նաև հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ:

Պարույր Գաբրիելյան - Այսքան տեղ երբեք չէի եղել, լիքը ինֆորմացիա եմ ստացել Հայաստանի մասին, որ մինչև էդ չէի էլ պատկերացնում:

Պարույրը Սանկտ Պետերբուրգից է, առաջին անգամը չէ, որ հայրենիքում է, բայց այս անգամ ծրագիրն օգնեց որոշել՝ պետք է տուն վերադառնալ:

Պարույր Գաբրիելյան - Ես ուզում եմ ապրել Հայաստանում, քանի որ զգում եմ, որ Հայաստանը շատ ավելի մեծ ապագա ունի, քան այն տեղը, որտեղ ես եմ ապրում:

Ստոկհոլմում ապրող 13-ամյա Դավիթն իր շվեդ ընկերներին խորհուրդ կտա Հայաստան գալ տպավորիչ սարերն ու վանքերը տեսնելու, իսկ ինքը, քանի այստեղ է, աստղերով է հիանում:

Դավիթ Խաչատրյան - Ես շատ աստղեր եմ սիրում նայել, Շվեդիայում հիմա գիշեր չկա, բայց ստեղ շատ մութ ա, ու շատ աստղեր են:

Լոս Անջելեսից 16 տարեկան Էրիկը հինգերորդ անգամ է Հայաստանում, եկել է հայերենի գիտելիքները խորացնելու:

Էրիկ Վարդանի - Եվ հայոց պատմություն  սովորեմ ու, ամենակարևորը՝ ուրիշ հայ սփյուռքահայերի հետ ծանոթանամ:

Ֆրանսիայում բնակվող 15-ամյա Մարիան ծրագրի օգնությամբ Հայաստանն այլ տեսանկյունից է բացահայտել:

Մարիա Արոյան - Էս ծրագիրն ինձ համոզեց, որ հայը Հայաստանից բացի ուրիշ տուն չունի, այ էդ պատճառով շատ կցանկանայի Հայաստանում ապրել: Օդը, մարդիկ, մշակույթը, ու Ֆրանսիան, ինչքան էլ ես ընդեղ եմ մեծացել, իմ տունը չի, ես հայ եմ:

Այս տարի քայլերը տուն կբերեն 400 սփյուռքահայ պատանու՝ մինչև օգոստոսի 20-ը բացահայտելու Հայաստանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում