Միգրացիոն ծառայությունը ՏԿԵՆ-ից կտեղափոխվի նոր ստեղծվող ներքին գործերի նախարարություն

ՀՀայկ Նավասարդյան

Միգրացիոն ծառայությունը առաջիկայում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից կտեղափոխվի նոր ստեղծվող ներքին գործերի նախարարություն: Կառույցի իրավական կարգավիճակը չի փոխվի, կփոխվեն գործառույթները, կբարելավվի քաղաքացիներին և օտարերկրացիներին տրամադրվող ծառայությունների որակը:

Արմեն Ղազարյան (Միգրացիոն ծառայության պետ) - Նախարարության կազմում կստեղծվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչ տրամաբանությամբ որ միգրացիային առնչվող գործառույթները կմեկտեղվեն:

Ծառայության՝ ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկելը մի քանի հիմնավորում ունի: Առաջինը ոլորտի քաղաքականության մշակման և գործառույթների իրականացման տարանջատումն է: Այս պահին փաստացիորեն Միգրացիոնը և՛ քաղաքականություն մշակող է, և՛ կատարող: Միավորման արդյունքում միգրացիոն քաղաքականության մշակողը ներքին գործերի նախարարությունը կլինի:

Արմեն Ղազարյան - Ներկայում այն ծառայությունները, որ մատուցում ենք, մասամբ սոցիալական են, մասամբ՝ միգրացիոն: Անձնագրային ծառայությունը իրականացնում է մասամբ վարչարարական և միգրացիոն բնույթի: Այն գործառույթները, որոնք ունեն և՛ Միգրացիոնը, և՛ Անձնագրայինը` միգրացիոն ծառայությունների մատուցման տեսանկյունից, այս մասը միացվելու է, դա էլ կնպաստի որակի բարելավմանը:

Միասնական միգրացիոն քաղաքականության մշակումը ժամանակի պահանջն է՝ վստահեցնում է Մարդու իրավունքների պաշտպանը: Քրիստիննե Գրիգորյանի դիտարկմամբ` ուսումնասիրվել է 30-ից ավելի երկրի փորձ, 22-ի դեպքում միգրացիոն ծառայությունը գործում է ՆԳՆ-ի կազմում:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Պիտի կարողանա կառավարել շղթան ինտեգրված ձևով: Այսինքն` պիտի ունենա շղթայի յուրաքանչյուր մասում միասնական մոտեցում, դա նշանակում է, որ պիտի ունենա միասնականացված տվյալների շտեմարաններ, պիտի ունենա նույնականացում, վերապատրաստված մասնագետներ:

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ միգրացիոն շղթայի կառավարումը նաև կհեշտացնի ոլորտային աշխատանքի արդյունավետ բաշխումը: Մի շարք գործառույթներ, օրինակ` ապաստան հայցողների հետ կապված, նվազագույն կենսապահովում, առողջապահական իրավունք, սոցիալական ծառայությունների մատուցում, բնույթով սոցիալական են, բայց իրականացնում է Միգրացիոնը:

Քրիստիննե Գրիգորյան - Այս բոլոր ծառայությունները շատ հաճախ իրականացնում է` գլխին ունենալով սոցապնախարարության գլխարկը: Իրենց բնույթով սոցիալական ծառայությունների` Միգրացիոն ծառայության կողմից իրականացումը բերում է որակի անկման:

Որ ծառայությունների որակի անկում չլինի, Միգրացիոնը նախատեսում է շարունակել ոլորտի թվայնացման գործընթացը: Առաջիկայում օրենսդրական փոփոխությունների փաթեթը կներկայացվի հանրային քննարկման, ներկայում աշխատանքներ են տարվում փաստաթղթի ամբողջացման ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում