«ԳիտՍԵՐունդ» ճամբարում դպրոցականները և՛ հանգստանում են, և՛ նոր գիտելիքներ ստանում

ՀՀայկուշ Ասլանյան

Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում իր հյուրընկալ դռներն է բացել ամառային «ԳիտՍԵՐունդ» ճամբարը: Այն գործում է 2019 թվականից՝ Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է Ամերիկյան համալսարանը: Ճամբարում ավագ դպրոցի սաները հնարավորություն ունեն հաճելին համատեղել օգտակարի հետ՝ ոչ միայն հանգստանալ, այլև կրթություն ստանալ բնագիտական, ինժեներատեխնիկական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում:

Հռիփսիմե Վարդանյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի սան) - Ես առաջին անգամ եմ մասնակցում այս ճամբարին, սիրում եմ ստանալ լրացուցիչ գիտելիքներ, կարծում եմ՝ այս ճամբարի միջոցով կստանամ, լրացուցիչ գիտելիքներն ինձ չեն խանգարի:

Արսեն Ներսիսյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի սան) - Այս ծրագիրն ինձ տալու է փորձ, խոսքի հստակություն:

Կազմակերպիչները հատկապես կարևոր են համարում բնագիտական ու տեխնիկական գիտությունների նկատմամբ դպրոցականի հետաքրքրությունը մեծացնելը: Այս պատճառով ընտրվել է առանց խոսքի դասավանդման մեթոդը, որում ուսուցիչը մոդերատորի դերում է:

Արթուր Խալաթյան («ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր հետազոտող) - Երեխաները շատ են սիրում այդ մեթոդը, որովհետև սկսում են հասկանալ՝ ինչպես վարվել տեքստի հետ: Հետո այդ ամբողջը փորձարկում ենք «ԳիտՍԵՐունդ»-ի ճամբարներում և մարզերի դպրոցներում՝ հուսալով, որ այս մեթոդը շատ ուսուցիչներ կվերցնեն ու կկիրառեն:

Դասավանդողները տարբեր մարզերից են: Սիլվա Գրիգորյանը «ԳիտՍԵՐունդ»-ի հետ գործակցության երկու տարվա փորձ ունի: Ֆիզիկայի թեմատիկ պլաններ է մշակում, փորձարկում մասնագետների հետ, հետո միայն ներկայացնում դպրոցականներին: Առարկայի նկատմամբ պատանիների հետաքրքրությունն ուրախացրել է նրան:

Սիլվա Գրիգորյան (Արարատի մարզի Ջրահովիտի դպրոցի տնօրեն) - Մինչև դասը սկսելը մի քանի սանի հետ զրուցեցի՝ ուղղակի՞ եկել են, թե՞ հետաքրքրել է: Պարզվեց՝ հետաքրքրում է:

Հետաքրքրությունը Լոռու Շիրակամուտ գյուղից Էջմիածին է բերել նաև Հասմիկին: Աղջիկը փոխադրվել է 11-րդ դասարան, բայց մասնագիտության ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվում:

Հասմիկ Մելքոնյան (Շիրակամուտի դպրոցի աշակերտուհի) - Համոզված եմ՝ այստեղ մասնագիտական կողմնորոշում ցույց կտան: Բնագիտական առարկաներով շատ հետաքրքրված եմ, համոզված եմ՝ այստեղ շատ գիտելիքներ և գաղափարակից ընկերներ եմ ձեռք բերելու:

Երեխաները հաճույքով են մասնակցում դասերին: Ոչ դասական դպրոցը հետաքրքրել է նրանց: Այստեղ կարդացածը նույնությամբ վերարտադրել կամ անգիր անել չի թույլատրվում: Պետք է մտածել, տրամաբանել, վերլուծել, քարտեզներ ու սխեմաներ կազմել: «ԳիտՍԵՐունդ»-ը նախևառաջ մտածել է սովորեցնում:

Գայանե Սաֆարյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի տնօրեն) - Սա միտված չէ նրան, որ ամբողջ մի ծրագիր իրականացնեն՝ նախատեսված այս կամ այն դասարանի համար: Պարզապես որոշակի մեթոդների կիրառմամբ երեխաներին բերելու են մտածելու, իրողությունը ինքնուրույն հայտնաբերելու, հմտություն ձևավորելու, սեփական դիրքորոշում, արժևորում ունենալու և կարողություններ ձևավորելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում