Նոր օրենսդրությամբ անչափահասների իրավունքների երաշխավորման լրացուցիչ մեխանիզմներ են ստեղծվել

ԼԼիլիթ Դանիելյան

Երեխայի ներկայությամբ հանցավոր արարք կատարելը հուլիսի մեկից ավելի խիստ պատասխանատվություն է ենթադրում: Օրենսդրական փոփոխության համաձայն` դատարանները, ղեկավարվելով պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքով, կարող են ազատազրկման որոշում կայացնել:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության փոխնախարար- Եթե արարքը կատարվում է անչափահասի ներկայությամբ, շատ լուրջ հոգեբանական ազդեցություն է այն թողնում տվյալ անչափահասի նկատմամբ, և թե՛ միջազգային փորձի, թե՛ նաև փորձագետների ուսումնասիրությունները վկայում են, որ տվյալ անձինք հետագայում հակված են տարբեր բռնություններ կատարելու կամ ավելի ինքնամեկուսացվածության, և, ըստ այդմ, խեղվում է տվյալ անչափահասի ճակատագիրը:

Ըստ նոր «Քրեական օրենսգրքի»` մեկ այլ ծանրացնող հանգամանք է համարվում գրումինգը՝ չափահաս անձի կողմից համացանցի միջոցով 16 տարին չլրացած անձանց հանդիպման, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողության, մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու առաջարկը: Նախկին օրենսդրությամբ նման հանցագործությունները քրեական պատասխանատվություն չէին ենթադրում, եթե տվյալ արարքը չէր կատարվել:

Արփինե Սարգսյան - Եթե ՏՏ կամ հաղորդակցության տարբեր միջոցներ օգտագործելով անչափահասին առաջարկ է կատարվում հանդիպել` հիմքում ունենալով որ հետագայում պետք է համանման գործողություններ կատարել կամ անչափահասին առաջարկում են մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու համար հանդիպել, այս խումբ հանցակազմերը հստակ Քրեական նոր օրենսգրքի շրջանակներում առանձին հանցակազմով արժանանալու են քրեական գնահատականի արդեն:

Քրեական դատավարության օրենսգիրքը ևս անչափահասների մասով նորույթ է նախատեսում և հստակեցնում է առկա պրակտիկան քննչական գործողությունների մակարդակում: Օրինակ, եթե անչափահասը մասնակցում է քննչական գործողությունների, պարտադիր է հոգեբանի ներգրավածությունը, ընդ որում՝ հատուկ վերապատրաստված հոգեբանի:

Արփինե Սարգսյան - Այս պահին մենք ունենք այս նոր ստանդարտով որակավորված 25 հոգեբան, որոնք կգան օգնելու մեր քննչական մարմիններին` քննչական տարբեր գործողություններում իրենց ներգրավումն ապահովելով:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծում է՝ Կառավարության որոշմամբ, այս հոգեբանների որակավորման կարգը շատ հստակ սահմանված է: Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունն է, որ լինեն քրեական արդարադատության ընդհանուր կոնտեքստին և անչափահասների առանձնահատկություններին ծանոթ հոգեբաններ, որոնք կկարողանան ճիշտ ծառայություններ մատուցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում