Բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին. Արայիկ Հարությունյան

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի՛ անդամներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ ներկաներ, հյուրեր,

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի՛ մասնակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման առիթով, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ: Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում:

Կրթության և գիտության ոլորտները Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են, և Կառավարությունը հանձնառու է՝ ապահովել այս ոլորտների շեշտակի և որակական զարգացումը: Հատկապես բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին:

Համոզված ենք, որ զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումն ամբողջ աշխարհում:

Կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության հնարավոր է հասնել միայն գիտության շնորհիվ:

Վստահ եմ, որ այսօր օլիմպիադային մասնակից շատ երիտասարդներ իրենց ճանապարհն են ընտրելու գիտության ասպարեզում և իրենց ներդրումն են բերելու համաշխարհային զարգացման գործընթացում:

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության: Իսկ կենսաբանությունը՝ որպես առանձին ճյուղ, առավել քան առանցքային է. այն բժշկության հիմքն է, որտեղ հայ մասնագետները հայտնի են իրենց՝ համաշխարհային մակարդակի ներդրմամբ:

Վստահ եմ, որ ապագայում դեռ բազում առիթներ ենք ունենալու բարձրաձայնելու այսօրվա մասնակիցների անունները և հպարտանալու նրանցով:

Օլիմպիադայի կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին և հատկապես մասնակիցներին մաղթում եմ հաջող ընթացք, առողջ և արդար մրցակցություն և Հայաստանը վայելելու գեղեցիկ օրեր»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում