Սնկից թունավորման 16 դեպք է արձանագրվել

ՆՆարե Ոսկանյան

Սնկից թունավորումների թիվն աճել է: Այս տարի արդեն 16 դեպք է արձանագրվել՝ 27 տուժածով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 15 տուժած կար:

Ռուբեն Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ) - Ունեցել ենք դեպքեր, որ մարդիկ հում սունկ են կերել, քաղել են գետնից ու միանգամից կերել առանց լվանալու, առանց փորձելու:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հորդորում են՝ օգտագործել միայն գործարանային պայմաններում պատրաստված սունկ: Թունավորման դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։

Ռուբեն Գրիգորյան - Մարդկանց գիտակցության մեջ ամրագրված է, որ իրենք միշտ այստեղից սունկ հավաքել կերել են, և իրենց ոչ մի բան չի եղել: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ համաճարակաբանական հետազոտությամբ պարզել ենք, որ տվյալ մարդը ամեն տարի նշված հատվածից հավաքել է սունկ, բայց այս տարի նույն հատվածից սունկ հավաքելով՝ դիմել է բուժօգնության:

Ասում է՝ մեկ թունավոր սունկն էլ բավական է, որ ամբողջ չափաքանակը դարձնի թունավոր, իսկ անզեն աչքով սնկի տեսակը տարբերել գրեթե հնարավոր չէ: Պետք է խուսափել նաև ճամփեզրին վաճառվող սնկերից:

Ռուբեն Գրիգորյան - Մի՛ փորձեք սունկը վնասազերծել, այսինքն՝ սնկի տոքսինները դուք չեք կարող ոչնչացնել ո՛չ ջերմային մշակման արդյունքում, ո՛չ սառեցման արդյունքում: Ոչ մի դեպքում մի՛ օգտագործեք սնկի հետ ալկոհոլ՝ մտածելով, որ ալկոհոլը կարող է չեզոքացնել սունկը:

Այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել:

Ռուբեն Գրիգորյան - Սնկային թունավորման ախտանիշներն են՝ ցավեր որովայնի շրջանում, անզուսպ փսխումներ, գլխացավեր, գլխապտույտ, քրտարտադրություն, հալուցինացիաներ:

Բարդացումներից խուսափելու համար նման ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում