Հանրապետության հրապարակը՝ փողոցային առևտրի նոր հարթակ. քաղաքապետարանի քայլերը դեռ անարդյունավետ են

ԼԼիլիթ Դանիելյան

Հանրապետության հրապարակը՝ փողոցային առևտրի նոր հարթակ: Արդեն շուրջ 2 ամիս է՝ քաղաքի կենտրոնական փողոցները, այդ թվում՝ Աբովյանը, Հյուսիսային պողոտան և հատկապես Հանրապետության հրապարակը, իսկական շուկայի են վերածվել: Քաղցր բամբակ, եփած եգիպտացորեն, ադի-բուդի, հյութեր, խաղալիքներ, նույնիսկ կենդանիներ և ոչ միայն. մութն ընկնելուն պես առևտրականները այս ամենը գետնին դրած վաճառում են:

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում քաղաքը փողոցային առևտրից մաքրելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետի խոսքով՝ կենտրոնական փողոցներն ու հատկապես հրապարակը իրենց մշտական ուշադրության կենտրոնում են, սակայն գործը սովորաբար արդյունք չի տալիս: Աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ մաքրում են քաղաքը, սակայն, 2 ժամ անց պատկերը կրկնվում է:

Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Շատ դեպքերում ապրանքը թողել, փախուստի են դիմել, ապրանքները վերցրել ենք, մեզ մոտ պահպանության են, սակայն դրանք իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում, նորից գնում են, առնում ու գալիս-կանգնում:

Հրապարակը շուկա դարձրած առևտրականները տեսախցիկը տեսնելուն պես միանգամից վեճի են բռնվում, հայհոյում, պնդում, թե հացի գումար են վաստակում, իսկ լրագրողներն իրենց խանգարում են:

Քաղաքացիների մեծ մասը ևս կարծում է, որ հրապարակը շուկա դարձնելն անթույլատրելի է:

Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցները նույնիսկ առևտրականների մեքենաներն են հեռացրել, վարչական տուգանքներ նշանակել, բայց նրանցից շատերը, չունենալով սեփականություն, չեն վախենում տուգանքներից ու շարունակում են նույն աշխատանքը:

Հովիկ Սաֆարյան - Ցավոք, շատ դեպքերում, երբ մենք միջոցառում ենք անում, առևտարականները կարողանում են խղճահարության տեսարաններ առաջացնել, ու կարեկցող քաղաքացիներ են հայտնվում, որոնք սկսում են գնահատականներ տալ:

Քաղաքապետարանի տվյալով՝ փողոցային առևտուրը կանխելու համար տարեկան 2000-ից ավելի վարչական տուգանք է նշանակվում, որից ավելի քան 40 տոկոսն այդպես էլ չի վճարվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում