Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանին. ԳԴՀ տնտեսական համագործակցության դաշնային նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանն ու Գերմանիան գործակցության նոր մակարդակի հասնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այդ մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը: Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումների ճանապարհին՝ ընդգծում է Սվենյա Շուլցեն:

Սվենյա Շուլցե (Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար) - Այս մարտահրավերներով լի ժամանակներում մենք կարևորում ենք այն երկրների հետ գործակցությունը, որոնք նպատակամղված գնում են բարեփոխումների ճանապարհով, և Հայաստանը այդ երկրների շարքում է, մասնավորապես` ժողովրդավարության, իրավական և ընտրական բարեփոխումների ոլորտներում:

Վերականգնվող էներգետիկա, ջրածնային տեխնոլոգիաներ, պարենային անվտանգություն և միջին մասնագիտական համակարգ: Քննարկվել են երկու երկրների հարաբերությունները սերտացնելու հնարավոր նոր ձևաչափեր՝ նշում է Վահան Քերոբյանը` առանձնացնելով Գերմանիայի օժանդակությունը մեր երկրին զբոսաշրջության ոլորտում:

«ՋիԱյԶեթ»-ի նախաձեռնությամբ բազմաթիվ նախագծեր են իրագործվել, որոնցից է զբոսաշրջության նոր բրենդի մշակումը: Վերջերս էլ գերմանական զբոսաշրջային 70 ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Հայաստան: Տնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով Հայաստան կգործուղվեն նաև բարձրակարգ, բայց արդեն թոշակի անցած մասնագետները:

Գերմանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Կառավարությունը ժողովրդավարությունը ավելի ամրապնդելու համար՝ նախարար Քերոբյանը պատասխանում է.

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրանցից առաջինը պետություն- մասնավոր հատված երկխոսության ամրապնդումն է, ՓՄՁ կշռի մեծացումն է:

Առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոքր և միջին ձեռնարկությունների բյուջե վճարած հարկերի մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել: Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ճանապարհային քարտեզ է մշակել:

Վահան Քերոբյան - Միջավայրային առումով Հայաստանն առաջատար է տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում:

Շատ կարևոր են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքը, արդարադատության ոլորտում բարեփոխումները: Սրանք այն երաշխիքներն են, որոնք երկիր ներդրումներ կբերեն՝ ընդգծում է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան:

Հեղինակ` Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում