Հանգստի շրջանը բացված է. Սևանա լճում 3 հանրային լողափ է գործում

ԼԼիլիթ Ասատրյան

Սևանա լճում հանգստյան սեզոնը մեկնարկել է, բայց հանգստացողները դեռ քիչ են: Պատճառը եղանակային պայմաններն են ու լճի ջերմաստիճանը:

Սևանա լճում լողալ ամենաշատը սիրում են երեխաները, ասում են՝ հենց սկսում ես լողալ, ջրի սառնությունն այլևս չես զգում:

Չնայած եղանակին՝ հանրային լողափերն այս տարի ևս կազմ-պատրաստ սպասում են հանգստացողներին: Տարածքը բարեկարգվել է, կահավորվել նոր հանդերձարաններով և ցնցուղարաններով, գործում է բուժկետ, և, որ ամենակարևորն է՝ անվճար են:

Կարեն Մնացականյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Նոր շվաքարաններ ունենք տեղադրված, զրուցարաններ, և շարունակական ա լինելու աշխատանքները, ընթացքում լինելու ա նոր խաղահրապարակներ:

Իրենց հանգիստը հանրային լողափերում անխոչընդոտ կարող են անցկացնել նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանց համար կառուցվել են հատուկ թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս անվասայլակներով մտնել լիճ: Հանրային լողափերում իրենց հանգիստը անցկացնել նախընտրողների քանակը տարեցտարի մեծանում է՝ ասում է Կարեն Մնացականյանը:

Կարեն Մնացականյան - Որ ոչ մի արտակարգ դեպք չպատահի, հասարակական կարգն էլ չխախտվի, «Սևան» ազգային պարկի արագ արձագանքման բաժինն ու ոստիկանությունը ափերի հսկողությունն իրականացնելու են համատեղ:

Պողոս Մարտիրոսյան («Սևան» ազգային պարկի արագ արձագանքման բաժնի ղեկավար) - Իրականացնելու ենք հսկողություն, որպեսզի առավել ապահով լինի, և ոչ մի բան չխանգարի, որ մեր քաղաքաքացիները հանգստանան:

Սևանա լճում հուլիսի 1-ից գործում է հանրային 3 լողափ: Առաջիկայում կգործեն նաև Ծովագյուղի և Լճաշենի հանրային լողափերը: Հանրային ևս 3 լողափի համար կրկին մրցույթ է հայտարարվել: Նախորդը չէր կայացել՝ շահող չլինելու պատճառով: Հանրային նոր լողափ գործարկելու համար դժվարությունները շատ են՝ ասում է «Սևան» ազգային պարկի տնօրենը: Լողափը պետք ապահովված լինի կոմունալ բոլոր հարմարություններով:

Կարեն Մնացականյան - Դժվարությունները նաև բնապահպանական են: Երկար տարիներ չգործող լողափերից մեկում, օրինակ՝ վերագոյացած չիչխանի թփերը մաքրելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թույլտվությունն է անհրաժեշտ:

Չնայած դժվարություններին՝ արդեն հետաքրքրվողներ կան՝ ասում է Կարեն Մնացականյանը:

Կարեն Մնացականյան - Շահող կազմակերպությունները պարտավոր են բարեկարգել, կահավորել և ամբողջ ծավալով սպասարկել հանրային լողափերը: Շահագործման ժամկետը 7 տարի է: Պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողն ազատվում է վարձավճարից:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում