Վերին Լարսի ճանապարհը փակ է. վարարած Թերեք գետը վնասել է ճանապարհը

ՄՄայա Խաչատրյան

Կիրակի առատ տեղումների հետևանքով փակվել է Վերին Լարսի՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետր ճանապարհահատվածը: Ճանապարհը դեռևս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Թերեք գետը և վնասել միջազգային նշանակության ճանապարհը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ խնդիրը քննարկել է վրաց գործընկերների հետ:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Տեսնենք, հուսով ենք՝ ինչքան հնարավոր ա՝ արագ կբացվի ճանապարհը, և մատակարարումները կվերականգնվեն, արտահանումը, ներմուծումը: Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած չեզոք հատվածում է, պետք է այնպես անենք, որ շատ արագ վերականգնվի, մեզնից այս պահին ոչինչ կախված չէ:

Փակված ճանապարհահատվածը դժվարություններ է հարուցել հատկապես բեռնափոխադրողների, արտահանող ընկերությունների համար՝ հատկապես ծիրանի մթերման սեզոնին:

Նորայր Գևորգյան (բեռնափոխադրող, ներմուծող, արտահանող ընկերության համահիմնադիր) - Խնդիր է հատկապես գնացող ավտոմեքենաների համար, նրանք, որոնք ճանապարհին են, չգիտեն՝ քանի օր են կանգնելու, ենթադրենք՝ 10 օր հետո գնան, կփչանա: Կան արտահանողներ, որ նախօրոք են պայմանավորվել, որ պետք է ծիրանը մթերեն, երկընտրանքի առաջ են, անորոշություն է, մթերողները, արտահանողները խնդիր են ունենալու: Երկու մեքենա ունենք, որ ճանապարհին է:

Բեռնափոխադրող ընկերության ղեկավարի պնդմամբ՝ Վերին Լարսում կա ծիրանով բեռնված ավելի քան 100 մեքենա: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալով՝ ճանապարհի շահագործումը կարող է վերականգնվել 7-10 օրում: Արտահանողները հանդիպել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի հետ:

Նորայր Գևորգյան - Եթե ասեն՝ 10 օր ա տևելու, 5 օր, կհասկանանք՝ ինչ անենք:

Վահան Քերոբյանի խոսքով՝ վրաց գործընկերների հետ ակտիվ աշխատում են նաև լաստանավային բեռնափոխադրումները սկսելու ուղղղությամբ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ դրանք կմեկնարկեն հունիսի 15-ին:

Վահան Քերոբյան - Նշել էինք հնարավոր ժամանակը, խոչընդոտներ կան, սերտ գործակցում ենք, որ Փոթիի ղեկավարությունը թույլատրի:

Լաստանավային հաղորդակցությունը բացելու խոստացված ժամկետը, նախարարի խոսքով՝ հունիսի 29-ն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում