Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ԱԱրևիկ Աբելյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի գործունեությունն ամփոփվել է հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Միջոցառմանը ներկա էին վարչապետը, Հայաստանի և Արցախի նախագահները, խորհրդի այլ անդամներ: Ստեղծման պահից հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որոնց շուրջ համախմբվել և քննարկվել են ազգային պետականության վերաբերյալ հարցեր, փորձել լուծումներ գտնել՝  հայտարարեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե թե չունի նմանօրինակը ոչ իր բովանդակությամբ, ոչ իր կազմակերպական ձևով:

Հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, և խորհրդի անդամները ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որ այն զերծ մնա քաղաքական շահարկումներից՝ ընդգծեց նախագահ Խաչատուրյանը:

Վահագն Խաչատուրյան - Նաև այս պատճառով է, որ բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը: Այս նպատակի կյանքի կոչման համար ես նաև ակնկալում եմ, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը պատրաստ կլինեն Հայաստանի հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները: Լիահույս եմ, որ պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանը ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի համար:

2021-ին իրականացվել է 70 ծրագիր, որոնց մի մասը երկարաժամկետ է և շարունակվում է նաև ընթացիկ տարում:

Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կարծում ենք, որ Հայաստանի և Արցախի սահմանային համայնքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում, և այս տարվա դրամահավաքները պետք է լինեն հենց 21 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ:

Շուրջ 80 մլն դոլարով Արցախում 43 մեծածավալ ծրագրի մեկնարկ է տրվել, մի մասն արդեն ավարտվել կամ ավարտման փուլում է՝ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հայկակ Արշամյան - Բացի Արցախից, հիմնադրամն իրականացնում է մի շարք ռազմավարական ծրագրեր՝ Գյումրիում, Տավուշում, Սյունիքում, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 3 մլն դոլար է:

Արցախի պետնախարար, հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Բելգարյանի խոսքով՝ հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում հիմնադրամի հանդեպ վստահության խնդիր է առաջացել:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Այս վստահության վերականգնման և հետագա բարձրացման ուղղությամբ նպատակային ի՞նչ աշխատանքներ եք կատարել և ինչ եք տեսնում, որ առաջիկայում կարող ենք կատարել համատեղ:

Արձագանքելով՝ Հայկակ Արշամյանը հայտարարեց՝ հիմնադրամի նկատմամբ վստահության խնդիրը մեծ մասամբ քաղաքական ենթատեքստ ունի:

Հայկակ Արշամյան - Հիմնադրամի դեմ տեղի է ունեցել մտածված և ուղղորդված մեդիաարշավ, և, ցավոք սրտի, մինչև այսօր քաղում ենք դրա պտուղները: Վերջին 2 տարվա ընթացքում հիմնադրամը ամենամսյա պարբերական հաշվետվություններ է ուղարկում մեր տասնյակ հազարավոր շահառուների, տասնյակ հազարավոր նվիրատուների, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին է գնում էդ ամփոփագրերը ամսական:

Արշամյանն ընդգծեց՝ գործով են փորձում ապացուցել, թե հիմնադրամն որքան կարևոր կառույց է և ինչ ահռելի աշխատանք է կատարում, սակայն շատերը շահարկում են հիմնադրամի անունը: Նիստի մնացած մասը շարունակվեց արդեն դռնփակ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում