Սոցիալական նոր ծրագիր է իրագործվում Արցախի ճակատային գյուղերի բնակիչների համար

ՆՆարեկ Սահակյան

Ուշադրության կենտրոնում Արցախի ճակատային գյուղերն են: «Բառնաբաս» միջազգային հիմնադրամն Արցախի սահմանապահ 7 համայնքում աջակցում է գյուղացիների զբաղվածության ապահովմանը:

Ազատուհի Սիմոնյան (Արցախի նախագահի խորհրդական) - Թաղավարդում բոլոր ընտանիքներին տալու ենք 2-ական խոզի գոճի՝ էգ և որձ, Կարմիր շուկայում թվով 80 ընտանիքի նվիրաբերելու ենք 3-ական ոչխար, Շուշիի 4 գյուղերում՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղցահող, ընտանիքներին տալու ենք 5-ական մեղվափեթակներ՝ մեղվաընտանիքներով հանդերձ, և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի բոլոր ընտանիքներին տալու ենք նորից 3-ական ոչխար:

2020-ի պատերազմի ժամանակ Թաղավարդի կեսն օկուպացվել է, մյուս կեսում միայն մսուրային անասնապահության հնարավորություն ունեն:

Օլեգ Հարությունյան (Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար) - Ուրիշ ձև չկա, պահվածքը մսուրային է: Եթե դուրս են գալիս կամ աջ կամ ձախ, բոլորն ադրբեջանցիներ են: Դրա համար մսուրային են պահում: Այս տարի էլ 135 հա աշնանացան ցորեն ունենք, սպասվում է բարձր բերք:

Կարմիր շուկայում ցուցակները ճշտել և 80 ընտանիքի մայրացու 3-ական ոչխար են տրամադրել: Ծրագրի նախաձեռնողն ու պատասխանատուն սփյուռքի հարցերով Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանն է: Շահառուների թվում կան տեղահանված, պատերազմից տուժած ընտանիքներ:

Ազատուհի Սիմոնյան (Արցախի նախագահի խորհրդական) - Դիմել ենք համայնքին՝ ո՛վ է ցանկանում, ոչ թե որ բոլորին կամ պարտադիր: Իրականում 80 ընտանիք է ցանկացել, որը համայնքի բնակչության կեսից ավելին է կազմում: Նրանք ունեն և՛ հնարավորություն, և՛ ցանկություն, և՛ գիտելիք, որովհետև ոչխարաբուծությունն այդքան էլ հեշտ չէ:

Անասուններն ու փեթակները ճակատային գյուղերի բնակիչները ստանում են անհատույց: Ծրագրի պատասխանատուները հորդորում են չվաճառել, այլ բազմացնել չորքոտանիներին և մեղուներին՝ ապահովելով մշտական եկամուտ: Որպեսզի բարեգործությունը նպատակին ծառայի, շրջանային գյուղբաժինները պարբերաբար դիտարկում կանեն:

Մասիս Զարգարյան (Արցախի Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ) - Միանշանակ մոնիթորինգի էֆեկտն անհրաժեշտ է, քանի որ պետք է գյուղացիներին համոզել, որ բարեգործությունը մեկանգամյա սնունդ կամ մեկանգամյա օգտագործման համար չի, այլ պետք է իր համար դառնա եկամտի աղբյուր, ինչու չէ՝ սննդի ապահովման աղբյուր:

Բարեգործական ծրագիրն իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջնորդությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում