Առատաշենցիները, համայնքային խնդիրները կարգավորելու նպատակով, հիմնադրամ են ստեղծել

ՀՀայկուշ Ասլանյան

Առատաշենցիներն իրենց համայնքը զարգացնելու և բարեկարգելու համար հիմնադրամ են ստեղծել: Նախաձեռնությանը միացել են նաև արտերկրում բնակվող համագյուղացիները: Առաջնային ներդրում պահանջող ծրագրերից էր մանկապարտեզի վերանորոգումը՝ տանիքից մինչև սանհանգույց: Հանգանակությանը միացել են նաև գեղարվեստի դպրոցի սաները:

Վարանդ Քեշիշյան կարչության ուսուցիչ- Այս ձևով երեխան մասնակցում է իր գյուղի զարգացման աշխատանքներին և խորանում է իր արվեստի մեջ:

Աշոտ Մկրտչյան («Առատաշեն» հիմնադրամի փոխտնօրեն) Վերանորոգել ենք տանիքը, դահլիճը, կանաչապատել ենք տարածքը՝ ջրով, խաղահրապարակով:

Վերանորոգման աշխատանքներին մասնակցել է գրեթե ամբողջ համայնքը: Տղամարդիկ հերթափոխով մասնակցել են շինարարությանը, կանայք` կերակուր պատրաստել նրանց համար, երիտասարդները արել՝ ինչ պատահի:

Գրիգոր Գրիգորյան (Առատաշենի բնակիչ- Հողաթափում, քարերի տեղափոխում, ջրում. ամեն ինչին մասնակցել ենք:

Ճեմուղիներով, կանաչապատ այս բակը նախկինում չոր ու ամայի էր: Որպեսզի երեխաները նաև դրսում խաղալու հնարավորություն ունենան, հիմնադրամը տարածքը մաքրել, մշտադալար խոտ է ցանել, նստարաններ ու տաղավարներ տեղադրել, խաղահրապարակ կառուցել, մարզագույք ձեռք բերել: Նորոգել է նաև խմբասենյակներն ու ննջարանները:

Նվարդ Խաչատրյան (Առատաշենի մանկապարտեզի տնօրեն- Բոլոր պայմաններն ստեղծված են, որ փոքրիկներն իրենց օրը անցկացնեն հետաքրքիր և բովանդակալից:

Մանկապարտեզի գույքը ևս նոր է: Այդ հարցում էլ օգնության ձեռք են մեկնել բարեգործական կազմակերպությունները: Պարտեզ հաճախելու մեծ հերթ է գոյացել:

Լուսինե Ղազարյան (դաստիարակչուհի- Այն ժամանակ պայմանների պատճառով ծնողները երեխաներին չէին բերում, հիմա որ տեսնում են սարքած, կահավորած է, բերում են:

Հիմնանորոգված մանկապարտեզը, սակայն, համայնքի ոչ բոլոր փոքրիկներին կարող է ընդունել, առայժմ՝ միայն 75 երեխայի: Մյուս մասնաշենքը, որ առաջիկայում կվերանորոգվի պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, ևս երկու խումբ բացելու հնարավորություն կտա: Խմբասենյակների գույքն արդեն կա. հիմնադրամը գնել-պահեստավորել է:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ- Այս տարի սուբվենցիոն ծրագրով արդեն նախատեսված է մանկապարտեզի մեկ այլ հատվածի հիմնանորոգումը, որը հնարավորություն կտա մանկապարտեզ հաճախող երեխաների կարիքները ծածկելու:Այս տրամաբանությամբ մենք վերաբերվում ենք բոլոր բնակավայրերին, և կարծում եմ՝ առաջիկայում նման ենթակառուցվածքների խնդիր չենք ունենա:

Մարզպետի կարծիքով՝ հիմնադրամները պետություն-համայնք համագործակցության լավ օրինակ են: Առատաշենը, օրինակ, գյուղում խելացի կանգառ էլ է կառուցել, աղբարկղեր տեղադրել: Եվս 4 կանգառ կտեղադրի առաջիկայում: Կնորոգի, կկահավորի նաև դպրոցի մարզադաշտը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում