ՌԴ ԶՈՒ-ն Սևերոդոնեցկի ուղղությամբ առաջխաղացում ունի

ԴԴիանա Գասպարյան

ՄԵՏԵԼԿԻՆՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՉԷ. ԳԱՅԴԱՅ

Սևերոդոնեցկի հարավարևելյան սահմանի մոտ գտնվող Մետելկինո բնակավայրն արդեն Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո չէ՝ հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է տեղաշարժել պաշտպանական գծերը, գրոհել արդյունաբերական գոտին ու քաղաքի շրջակայքը. կատաղի մարտերը շարունակվում են:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սևերոդոնեցկի համար ճակատամարտում որոշվում է Դոնբասի ճակատագիրը:

ԶԵՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՏԻՊԻ ԿԻԵՎԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ. ԿՈՒԼԵԲԱ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է՝ նույնիսկ եթե Արևմուտքը դադարեցնի զենքի մատակարարումը, երկիրը կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանին և կպայքարի անգամ բահերով։

«Սա մեր գոյության պայքարն է: Արևմուտքում թող հավատացած լինեն՝ զենքի բացակայությունը չի ստիպի Կիևին տարածքային զիջումների գնալ՝ չնայած մենք զգալիորեն ավելի քիչ ռազմատեխնիկա ունենք, քան Ռուսաստանը»,- նշել է դիվանագետը, մատնանշել՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ երկիրը չի հաղթի:

ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար կարող են տարիներ պահանջվել՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ոչ ոք չգիտի՝ ե՛րբ այն կավարտվի, պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, նույնիսկ եթե ստիպված լինենք բարձր գին վճարել»,- նշել է Ենս Ստոլտենբերգը։

Նա տեղեկացրել է նաև, որ ՆԱՏՕ-ի՝ հունիսի վերջին կայանալիք գագաթնաժողովում կառույցի անդամ երկրները կհայտարարեն, որ Ռուսաստանը սպառնում է համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը:

«Ռազմավարական նոր հայեցակարգում հիշատակվում է նաև Չինաստանը, որը մարտահրավեր է ստեղծում դաշինքի շահերի, արժեքների և անվտանգության համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Նա անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը, նշել՝ դա կուժեղացնի ողջ դաշինքը։

«Անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել այդ հարցում Թուրքիայի իշխանությունների մտահոգություններին»,- եզրափակել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՍՏԱՆԱ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ. ԼԱՅԵՆ

Եվրահանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կստանա Եվրամիությանը միանալու թեկնածուի կարգավիճակ։

«Վերջին ութ տարիների ընթացքում Ուկրաինան մեծ առաջընթաց է գրանցել, սակայն Միությունն Ուկրաինայում ավելի շատ բարեփոխումներ է ցանկանում տեսնել»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա համոզմունք է հայտնել, որ Եվրամիությանն ինտեգրման ժամկետները կախված են անդամակցության դիմում ներկայացնող երկրներից. նրանք պետք է ապացուցեն, որ համապատասխանում են կառույցի չափանիշներին:

Այս համատեքստում Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի և Սլովակիայի օրինակը, որոնց 1999 թվականին տրվել է ԵՄ-ին անդամակցելու հեռանկար։

«Սլովակիան քրտնաջան աշխատեց և 2004 թվականին դարձավ ԵՄ անդամ։ Մյուս կողմից՝ Թուրքիան այսօր ավելի հեռու է Եվրամիությունից, քան այն ժամանակ»,- եզրափակել է Ֆոն դեր Լայենը։

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ գիտատեխնիկական գործակցության վերաբերյալ պայմանագրից և ԱՊՀ մի շարք համաձայնագրերից։

Գերագույն ռադայի պատգամավորները քվեարկել են նաև Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայի չվերահսկվող տարածքներից գրքերի ներմուծումն ու տարածումը, ինչպես նաև ուկրաինական լրատվամիջոցներում և հասարակական վայրերում ռուսական երաժշտության արգելքի օգտին։

Չի թույլատրվում այն ստեղծագործությունների հրատարակումը, որոնց հեղինակները Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել 1991 թվականից հետո:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էլ ստորագրել է ռուսական լրատվական հաղորդումների հեռարձակումն արգելող օրենք. այն ուժի մեծ կմտնի հունիսի 24-ից: Մոլդովայում հայտարարել են՝ Ուկրաինայում իրավիճակը ստիպում է Քիշնևին կոշտ միջոցներ ձեռնարկել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում