Արտեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Պատմության թանգարանին

ՎՎահե Դավթյան

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Պատապուտյանն այսօր մրցանակի կրկնօրինակը նվիրել է Պատմության թանգարանին: Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել նրան նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Նոբելյան մրցանակի հայ դափնեկիրը տնկում է Arabidopsis thaliana-ի սերմը․ hենց այս բույսից է նյարդակենսաբանը ստացել շոշափելիքի զգացողության հայտնի մոլեկուլը: Բժշկության 2021 թ. Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:

Արտեմ Պատապուտյանը 9-րդ Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, որ այցելում է բժշկական համալսարան: Մոլեկուլային կենսաբանի համագործակցությունը բժշկականի հետ սկսվել է 2016-ին, երբ գիտնականը ներկայացրեց «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշում» առաջին դասախոսությունը: Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ծանոթանալով հետազոտական նոր հնարավորություններին` նյարդաբանն ասաց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների:

Արտեմ Պատապուտյան (Նոբելյան մրցանակի դափնեկիր) - Հայաստանում գտնվելու պատճառներից մեկը գիտության ոլորտի զարգացումներին ծանոթանալն է: Ցանկությունս է՝ հիմք դնել նոր համագործակցության: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին ավելացրել է գիտության և հետազոտությունների ֆինանսավորումը: Սա ոլորտի զարգացման առաջին կարևոր քայլերից է:

Արտեմ Պատապուտյանին շնորհվեց Բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Հետո դասախոսություն բուհի ուսանողների համար՝ «Ինչպես ես քեզ զգում, Զգացող մոլեկուլները հպվում են» թեմայով: Մասնագիտական զեկույցից զատ` չի մոռանում խոսել նաև հայկական արմատների մասին:

Արտեմ Պատապուտյան - Ես հայ եմ ու շատ հպարտ եմ դրա համար: Հուսով եմ, որ իմ օրինակը ոգևորիչ կլինի այստեղ հավաքված երիտասարդ գիտնականների համար։ Իրականում ամեն ինչ հնարավոր է, եթե դա պատահեց ինձ հետ, դա կարող է պատահել նաև ձեզ հետ:

Գիտական հետազոտությունների մեկնարկից մինչև Նոբելյան մրցանակ ճանապարհը ձգվեց 20 տարի: Դժվարությունները ամեն քայլափոխին են, բայց դա նաև օգնում է քայլել ճիշտ ճանապարհով՝ Հայաստանի պատմության թանգարանում հյուրերին ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիրը՝ խոսելով գիտական հաջողությունների մասին:

Բացահայտումների համար, ըստ գիտնականի, կարևոր է նաև համբերությունը: Գիտության մեջ առավել կարևոր է գրանցված արդյունքների կիրառումը աշխարհի մակարդակով:

Արտեմ Պատապուտյան - Մեկ հարցի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց կարևորը բոլոր պատկերացումների ճիշտ համադրումն է: Հետազոտությունների մեջ ես չեմ շտապում, այդպես սխալվելու հավանականությունը գրեթե զրո է: Ես պատրաստ եմ իմ տարիների փորձով կիսվել հայ գիտնականների հետ: Վստահ եմ՝ մոտ ապագայում համատեղ ուժերով ականատես կլինենք գիտական նոր բացահայտումների:

Ստացած Նոբելյան մրցանակի կրկնօրինակը հայ գիտնականը նվիրեց պատմության թանգարանին, այն կներկայացվի բոլոր ցուցադրություններին:

Եվ՝ անակնկալ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հային: Նոր նամականիշ՝ աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան:

Նամականիշի մարման արարողությանը Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորում է գիտնականին` նշելով, որ մեծ պատիվ է գիտնականին հյուրընկալել Հայաստանում: Նամականիշի վրա ներկայացված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի պատկերը: Իսկ փոխնախարար Կարեն Թռչունյանը հույս է հայտնում, որ Պատապուտյանի օրինակով երիտասարդ հայ գիտնականները կհամալրեն գիտության նվիրյալների շարքերը:

Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ինչպես ժամանակին Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, շատերը սկսեցին զբաղվել շախմատով, կարծում եմ, որ Դուք էլ ստացել եք Նոբելյան Մրցանակ, այս իրադարձությունը շատ խորհրդանշական է, և ապագայում, կարծում եմ, կունենանք Նոր Արտեմ Պատապուտյաններ: 

350 դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայում` 20 000 տպաքանակով: Արտեմ Պատապուտյանն ընտրվել է նաև ԳԱԱ պատվավոր անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում