Ճանապարհների ապաշրջափակումը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրով

ԼԼիլիթ Ասատրյան

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանում աշխատանքային այցի երկրորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը սկսեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

Արտաքին գործերի նախարարությունում նախարարների հանդիպմանը տեղական ու 2 տասնյակ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Շտապում են. ուր որ է` երկու երկրի արտաքին գերատեսչության ղեկավարները կժամանեն:

Ձեռքսեղմում, պաշտոնական լուսանկար և մոտ 15 րոպե առանձնազրույց: Կից սրահում օպերատորներն են սպասում՝ հենց այստեղ է տեղի ունենալու պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Հանդիպումը նախատեսվածից երկար է տևում, արտգործնախարարության մամուլի կենտրոնում աշխատանքային մթնոլորտն ընդհատվում է՝ պատվիրակության անդամներն են ներս մտնում, ապա՝ նախարարները:

ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Կառուցողական և անկեղծ. այսպես գնահատեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Շեշտեց՝ գործընկեր ու լավ բարեկամ Սերգեյ Լավրովի հետ այս տարվա արդեն 3-րդ հանդիպումն է: Իսկ հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր, շեշտեց՝ առանցքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերն էին։

ԸՆԴԳԾՎԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանը առանցքային դեր է ունեցել Արցախում սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում, և Հայաստանը շարունակում է հավատալ, որ խաղաղապահներն ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն՝ 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։ Հրատապ է նաև հայ ռազմագերիների վերադարձը՝ շեշտեց Միրզոյանը:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Ռազմական գործողությունների ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել գերիներին՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

ԼԱՎՐՈՎՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սերգեյ Լավրովը ևս հայ գործընկերոջ հետ հանդիպումը գնահատեց արդյունավետ, վստահություն հայտնեց՝ հունիսի 10-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:

Հաջողվել է վերականգնել առևատրաշրջանառության կայուն աճը, զարգացնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ միջուկային, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և բարձր տեխնոլոգիաները:

Սերգեյ Լավրով (ՌԴ արտաքին գործերի նախարար) - Մեր կողմից մենք հաստատել ենք պատրաստակամությունը` օգնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և լուծել հումանիտար խնդիրները, որոնք պահպանվում են այդ տարածաշրջանում:

Ռուս զինծառայողները Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցը համարում են առաջնահերթ՝ հայտարարեց Լավրովը՝ ի պատասխան լրագրողի հարցի:

Սերգեյ Լավրով - Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն:

ՆԵՐԴՐՎՈՂ ՌԵԺԻՄԸ ԿՀԵՆՎԻ ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԼԱՎՐՈՎ

Կոմունիկացիաների ապաշրջափակման և ադրբեջանական կողմից պայմանավորվածությունները կամայականորեն միջանցքային տրամաբանությամբ մեկնաբանելու մասին «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ Լավրովը նշեց՝ ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա:

Սերգեյ Լավրով - Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել:

ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Արարատ Միրզոյանը ավելացրեց՝ միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, ու դա համընդհանուր ընկալում է:

Արարատ Միրզոյան - Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին, սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա, ուզում եմ ընդգծել, համընդհանուր ընկալում է:

Միրզոյանը նշեց՝ ամեն դեպքում, դեռ կան հարցեր, որոնց շուրջ կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են:

ՀՀ-Ն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է. ՄԻՐԶՈՅԱՆ

Արդյոք Հայաստանում կա՞ քաղաքական ճգնաժամ: Ռուս լրագրողի հարցին Միրզոյանը արձագանքեց՝ նախորդ տարի խորհրդարանական արտահերթ ընտրություններով այն ժամանակ իսկապես առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել են:

Արարատ Միրզոյան - Երկրորդ՝ մենք հետևում ենք, համենայն դեպս, ես ինչքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող հանրահավաքների բազմամարդությունը կամ սակավամարդությունը, թերևս, չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և բոլորը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն:

Եթե հեռանանք իրավունքի հարցից և անդրադառնանք այդ գործընթացի տրամաբանական կողմերին, ես կարող եմ իմ մասնավոր, անձնական դիրքորոշումը հայտնել: Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար և կարող եմ ասել նաև՝ ինչու: Նախ՝ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին և ամենասուր հարցերը տալ, որից, ցավոք կամ բարեբախտաբար, նրանք չեն օգտվում. իրենց իրավունքն է կրկին:

Եվ երկրորդ, ամենաէական, բովանդակային կողմը հարցի․ որքանով, որ հասցրել եմ հետևել և հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում:

Եվ այստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, և իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ 2021-ի հունվարի 11-ի և արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը և այլն: Կրկին, ես շատ չեմ հասցրել հետևել, բայց ինչքանով որ հասցրել եմ, որևէ խոսք՝ նշածս գործընթացները կասեցնելու, այդ գործընթացներից դուրս գալու մասին չեմ հանդիպել, ինչն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ կերպով շահարկման ճանապարհ է և առիթ:

Իր ելույթում Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարին հրավիրեց Ռուսաստան՝ հերթական այցով, շեշտեց՝ ռուսական կողմն ուրախ կլինի տեսնելու Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի ցանկացած անկյունում:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում