Էկո, էկոս մակնշմամբ հավկիթի վաճառքը շարունակվում է. 3 ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել

ՎՎահե Կոստանդյան

Առևտրային ցանցերում էկո՝ օրգանիկ մակնշմամբ հավկիթների վաճառքի արատավոր երևույթը շարունակվում է: Դեռևս ապրիլին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության էր ենթարկել «Արաքս», «Արզնի» և «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության «Շիրակ ձու» թռչնաֆաբրիկաներին:

Տիգրան Մարկոսյան (ՄՊՀ հանձնաժողովի անդամ) - Մեկի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, որովհետև խմբաքանակը բավականին ցածր է, չէր անցնում մեր մեթոդաբանությամբ տուգանքի սահմանի անհրաժեշտ պայմանը:

Ընկերություններին պարտադրվել էր սահմանված ժամկետում վաճառքից հետ կանչել էկո, էկոս մակնշմամբ հավկիթները կամ ներկայացնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու մասին վկայող հավաստագիր: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ պահանջները չեն կատարվել՝ ասում է հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Սահմանված ժամկետը լրանալուց հետո` մայիսի 29-ին, հանձնաժողովը ևս մեկ անգամ դիտարկել է հավկիթի շուկան: Պարզվել է՝ սպառողին մոլորեցնող մակնշմամբ հավկիթները դեռ վաճառքում են:

Տիգրան Մարկոսյան - Առևտրային ցանցերում հայտնաբերվեցին երեք տնտեսվարող սուբյեկտների հավկիթները` մակնշված էկո, էկոս, նման այլ ձևակերպումներով: Ընդամենը երեկ հանձնաժողովը վարույթ է հարուցել երեք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ էլ:

Սպառողին մոլորեցնելու նպատակով կիրառվող հնարքը, պարզվում է, մրցակցային առավելություն է ապահովում, այլապես նման քայլի չէին դիմի՝ ասում է Տիգրան Մարկոսյանը: Հաճախ այդ հնարքը կիրառում են ոչ միայն արտադրողները, այլև առևտրային ցանցերը: Դեպքերը նույնիսկ զավեշտի են հասնում:

Տիգրան Մարկոսյան - Հետաքրքիր դեպքեր ունենք պրակտիկայում, օրինակ՝ գրում են էկոսքայզ, ինչ-որ ավիաընկերության անվանում է` իբրև թե իր անունն է, և դրա վրա ինքնաթիռ է պատկերվում:

Կտուգանենք այնքան, որքան կշարունակեն՝ ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչն ու հավելում՝ հավկիթի շուկայում բազմաթիվ ուսումնասիրություններ են արել, և չի եղել մի ընկերություն, որը կներկայացներ օրգանական գյուղատնտեսության պահանջներով արտադրված հավկիթի հավաստագիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում