Վեդու ջրամբարի ճանապարհին անկած բեզոարյան այծ է հայտնաբերվել. նյութերն ուղարկվել են ոստիկանություն

ԼԼիլիթ Ասատրյան

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը որսագողին կարժենա 3 մլն դրամ: Թեև այս կենդանիները պետական պահպանության ներքո են, օրերս Ուրցաձորի տարածքում հայտնաբերվել է անկենդան այծի մարմին: Թե որն է եղել բազմաթիվ վնասվածքներ ստացած կենդանու անկման պատճառը՝ դեռ չի պարզվել, նյութերն ուղարկվել են ոստիկանություն:

Անդրեաս Սարգսյան (ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար) - Վնասվածքներն ակնառու էին, բազմաթիվ էին, առկա էին, բայց հրազենային էին թե ինչ ծագում ունեին՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Բեզոարյան այծին հայտնաբերել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը: Կազմակերպության տվյալով՝ այդ հատվածում բեզոարյան այծերի 3-4 խումբ կա, յուրաքանչյուր խմբում 15-20 էգ և ձագեր: Տնօրեն Ռուբեն Խաչատրյանը չի բացառում, որ կենդանին վնասվածքները ստացել է բնական ճանապարհով:

Ռուբեն Խաչատրյան (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն) - Դա կարող է լինել հարված ուրիշ բեզոարյան այծից, կարող է որևէ անհաջող թռիչքի ժամանակ վնասված լինել կամ քար գլորվել, դիպչել: Այսինքն՝ հազար ու մի բան կարող է լինել վայրի բնության մեջ, և դա բնական է:

Խաչատրյանը հիշեցնում է՝ բեզոարյան այծերը պետության պաշտպանության ներքո են, իսկ որսն արգելված է:

Ռուբեն Խաչատրյան - Դրանք շատ կարևոր են, որովհետև դա անմիջապես կապ ունի նաև այլ կենդանիների Հայաստանում գտնվելու հետ, ինչպիսիք են, օրինակ, հովազները:

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագնով՝ բեզոարյան այծի որսի կամ ոչնչացման տուգանքը 3 մլն դրամ է, սակայն իրավախախտման պատժաչափը սահմանելիս հաշվի է առնվում նաև կենդանու՝ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը:

Անդրեաս Սարգսյան - Սակագինը հնգապատկվում է, այսինքն՝ նրա արժեքը կազմում է 15 մլն դրամ:

Կենդանուն հայտնաբերելուց հետո իրավախախտման փաստն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնում:

Անդրեաս Սարգսյան - Բայց քանի որ իրավախախտը չկար, կազմի բացակայության հիմքով՝ վարույթը կարճվել է:

Նյութերն ուղարկվել են ոստիկանություն: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահները:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում