Հիմնականում եղել են հարվածի, հրմշտոցի հետևանք. Ավանեսյանը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպից տուժածների վնասվածքների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վիճակին, հայտնեց, որ բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն:

«Մոտ 70 տոկոսն [հաջորդ] առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել, բայց ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, և նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել և դուրս են գրվել: Ունենք 1 քաղաքացի, որը վիրահատվել է, նրա վիճակը բավարար է, հույս ունենք՝ մոտակա օրերին ևս դուրս կգրվի»,- հայտնեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել:

«Փոքրաթիվ ունեցել ենք մանր պատռվածքներ, և ընթացքն արդեն ցույց կտա. մեր լիազորությունների շրջանակներում չէ գնահատելը, թե ինչից է եղել և ինչպես է եղել, բայց նշեմ, որ դրանք հիմնականում եղել են հարվածների արդյունքում»,- հայտնեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ընդգծեց՝ ոստիկանական ուժերը գործում են ժողովրդավարության սկզբունքներին, օրենքի տառին համապատասխան՝ իրենց ծառայությունը պատշաճ իրականացնելով:

«Իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա. նրանք իսկապես փայլուն ծառայություն են իրականացնում: Ինձ համար անհասկանալի են Կառավարության շենք մուտք գործելու մղումները և ոչ օրինաչափ գործողությունները»,- հավելեց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերին ընդդիմության չմասնակցելուն, ապա Ավանեսյանը նշեց, որ իր համար տարակուսելի է, որ ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց տրված հարթակը:

«Չեն գալիս, հարցեր չեն տալիս, մեզ ուղղված քննադատություն չեն իրականացնում»,- նշեց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում