Մեծ Բրիտանիան նշել է Եղիսաբեթ Երկրորդի պլատինե հոբելյանը. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՆՇԵԼ Է ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ՊԼԱՏԻՆԵ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Բուքինգհեմյան պալատի մոտ հավաքված ցնծացող ամբոխը դիմավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Մեկնարկել են միապետուհու գահակալության 70-ամյակին նվիրված ազգային քառօրյա տոնակատարությունները:  

Թագավորական ընտանիքի տասնյակ հազարավոր աջակիցներ, որոնք դրոշներ են ծածանել, հավաքվել են Լոնդոնի փողոցներում՝ մասնակցելու պլատինե հոբելյանի քառօրյա տոնակատարության մեկնարկին նվիրված զորահանդեսին: Միլիոնավոր մարդիկ ամբողջ Բրիտանիայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում դիտել են տոնակատարությունները, նաև միացել փողոցային երեկույթներին և լուսային շոուներին՝ ի պատիվ 96-ամյա թագուհու:

Պալատի պատշգամբում միապետուհուն են միացել նրա որդին՝ արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլայի հետ, արքայազն Ուիլյամն իր ամբողջ ընտանիքով, թագավորական տան այլ բարձրաստիճան անդամներ: Նրանք ոչ միայն ողջունել են հավաքված ցնծացող ամբոխին, այլև տոնի առիթով կազմակերպված դիտարժան ավիաշոու դիտել:

Եղիսաբեթ 2-րդը գահին է եղել ավելի երկար, քան իր նախորդներից որևէ մեկը, և ինքնիշխան պետության երբևէ կառավարող երրորդ միապետն է, որ այսքան երկար է գահակալել: Սոցհարցումները ցույց են տալիս, որ նա շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել և հարգված լինել բրիտանացիների շրջանում:

Հատկանշական է, որ երկամյա դադարից հետո թագավորական ընտանեկան միջոցառմանը ներկա են եղել նաև արքայազն Հարրին և կինը՝ Մեգան Մարքլը:

Պլատինե հոբելյանի առաջին օրվա ավարտին Եղիսաբեթ 2-րդը Վինձորի ամրոցի բակում անձամբ է վառել փարոսը, որից մի շքեղ ու դիտարժան տեսարան է բացվել: Ասես լուսային կարպետը վառվել է ու լույսը փոխանցել ծառին, և այն նույնպես լուսավորվել է:

Նմանօրինակ փարոսներ են վառվել նաև ավելի քան երկու հազար քաղաքներում և գյուղերում ամբողջ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Համագործակցության երկրների մայրաքաղաքներում:

ՃԱՊՈՆԻԱ

ԾԱՆՐ ԲԵՌՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏ ԱՅԾԻԿԸ

Ճապոնական Kawasaki Heavy Industries կորպորացիան, որը հայտնի է արդյունաբերական մեքենաներ և ծանր տեխնիկա արտադրելով, մշակել է իր առաջին չորքոտանի ռոբոտը: Այն կարող է օգնել լուծելու աշխատուժի պակասի հարցը: Սա իսկապես խնդիր է Ծագող արևի երկրում, որտեղ հասարակությունը ծերացող է համարվում:

Նոբորու Տակագի (Kawasaki Heavy Industries-ի գլխավոր մենեջեր) - Այս ռոբոտ այծիկը կարող է օգնել տարեցներին մի վայրից մյուսը ծանր բեռներ տեղափոխելու: Բացի այդ, կարող է օգտակար լինել գյուղատնտեսության կամ անտառային արդյունաբերության մեջ, որտեղ մարդիկ ստիպված են ծանր առարկաներ տեղափոխել մի վայրից մյուսը:  

BEX անունով այս ռոբոտ այծիկը, որին անվանակոչել են ի պատիվ վայրի «Իբեքս» տեսակի այծերի, ունի մեծ պտտվող եղջյուրներ:

Ռոբոտ այծիկը կարող է չորս ոտքով քայլել խորդուբորդ տեղանքով կամ ավելի արագ շարժվել հարթ մակերեսի վրայով՝ օգտագործելով անիվները: Մինչև 100 կգ բեռ կարող է տեղափոխել: Մարտկոցով աշխատող BEX-ը շարժվում է ինքնավար կամ հեռակառավարման միջոցով:  

Kawasaki-ն սկսել է մարդանման ռոբոտներ արտադրել 2017 թվականին, իսկ անցած տարի որոշել է մշակել չորքոտանի ռոբոտներ: BEX-ը նախագծված է գյուղատնտեսական միջավայրում առաջադրանքներ կատարելու համար:

ԵԳԻՊՏՈՍ

ՍԱՔՔԱՐԱՅՈՒՄ ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ ՈՒ ԱՐՁԱՆԻԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ ընկած Սաքքարա նեկրոպոլիսում հայտնաբերվել է 250 փակ սարկոֆագ, որոնց մեջ մումիաներ կան, նաև աստվածների ու աստվածուհիների 150 բրոնզե արձանիկներ և այլ արտեֆակտներ: Այս ամենը թվագրվում է Հին Եգիպտոսի ուշ ժամանակաշրջանով:

Մուստաֆա Վազիրի (Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար) - Մենք շարունակեցինք պեղումներն այստեղ և հայտնաբերեցինք ստորգետնյա թունելներ, որտեղ գտանք գունագեղ սարկոֆագներ: Դրանց մեջ կան լավ պահպանված մումիաներ, ինչպես նաև բազմաթիվ բրոնզե արտեֆակտներ: Սա Բուբաստեյոնում երբևէ հայտնաբերված արտեֆակտների ամենամեծ խմբաքանակն է:

Հայտնաբերված սարկոֆագները թվագրվում են Ք. ա. 500 թվականով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև ոսկե դեմքով փայտե արձաններ, ներկված փայտե տուփեր, հմայիլներ, պապիրուսներ, որոնց վրա Մեռյալների գրքից գրառումներ կան, նաև սանրեր, աչքերը ներկելու համար ծարիր, տարբեր անոթներ, թևնոցներ, ականջօղեր և սերմերից պատրաստված վզնոցներ:

Այս պեղումներն սկսվել էին 2018 թվականի ապրիլից: Ընդհանուր առմամբ, կատարվել է տեղանքի 4 պեղում: Հինգերորդը կսկսեն այս տարվա սեպտեմբերին:

Սաքքարան հին եգիպտական քաղաքակրթության հիմնական վայրն է, այնտեղ մի քանի փարավոնների ու բազմաթիվ ազնվականների դամբարաններ կան: Բացի այդ, հենց այստեղ է գտնվում ամենահին աստիճանաձև բուրգը:

ԲԱՀՐԵՅՆ

ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼ Է ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Բահրեյնի իր փոքրիկ արհեստանոցում Մուհամեդ ալ Շուղուլը նստած է բրուտի անիվի մոտ՝ թաց կավը դանդաղ ձևափոխելով մեծ ծաղկամանի:

Ալ Շուղուլը, որն ապրում է բրուտգործությամբ հայտնի Ալ Աալի գյուղում, ասում է, որ այս արհեստն իր ընտանիքում պահպանվել է սերունդներ շարունակ:

Մուհամեդ Ալ Շուղուլ (խեցեգործ) - Ես ծնվել եմ որպես բրուտ: Իմ ընտանիքը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է այս գործով: Բրուտագործությունը Բահրեյնում հին մասնագիտություն է, այն հայտնի է Ալ Աալիում: Ես այդ արհեստը սովորել եմ հորիցս:

Բրուտն օգտագործում է տեղական և ներմուծված ավազի խառնուրդ՝ լավագույն որակի իրեր պատրաստելու համար, որոնք հետո վաճառում է առևտրականներին, նրանք էլ՝ հիմնականում զբոսաշրջիկներին։ Ամսական 200-500 իր է պատրաստում: Դրանց թվում են դեկորատիվ առարկաներ, ափսեներ, սնունդը սառը պահող  տարաներ և այլն:

Ալ Շուղուլը նաև դասընթացներ է անցկացնում այն բոլոր մարդկանց համար, որոնք ցանկանում են յուրացնել իր արհեստը, որպեսզի այն շարունակվի և փոխանցվի ապագա սերունդներին: Բրուտագործության արհեստը դարեր շարունակ եղել է Բահրեյնի մշակույթի անբաժանելի մասը:

ՊԵՐՈՒ

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՊԵՐՈՒԱԿԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ 3000-ԱՄՅԱ ԱՆՑՈՒՂԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Մի խումբ հնագետներ նոր բացահայտում են արել պերուական Անդերում գտնվող ավելի քան 3000-ամյա տաճարի տակ գետնուղիների ցանցի մասին:

Չավին դե Ուանտար տաճարը, որը 1985 թվականին հռչակվել է Համաշխարհային ժառանգության վայր, գտնվում է հյուսիսկենտրոնական Անդերում, ժամանակին եղել է կրոնական և վարչական կենտրոն ամբողջ տարածաշրջանի համար:

Ըստ Սթենֆորդի համալսարանի հնագետ Ջոն Ռիկի, որը մասնակցել է պեղումներին, այս գետնուղիները, ենթադրաբար, կառուցվել են ավելի վաղ, քան տաճարի լաբիրինթոսային պատկերասրահները:

Ջոն Ռիկ (Սթենֆորդի համալսարանի հնագետ)  - Այս գետնուղիների կառուցման ձևն էապես տարբերվում է դրանց մասին նախկինում եղած մեր պատկերացումներից: Դրանք ունեն ավելի վաղ շրջանի առանձնահատկություններ, որոնք մենք երբեք չենք տեսել այլ գետնուղիներում:

Չավին դե Ուանտար տաճարը ծովի մակերևույթից 3200 մետր բարձր է: Հայտնաբերվել է առնվազն 35 գետնուղի, որոնք պատրաստվել են Ք.ա. 1200-200 թվականներին:

ՎԻԵՏՆԱՄ

ԱՊԱԿԵ ՀԱՏԱԿՈՎ ԿԱՄՈՒՐՋԸ` ԽԻԶԱԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վիետնամի լեռնային հանգստավայրերից մեկում` 150 մետր խորությամբ կիրճում, սուր զգացողությունների սիրահարների համար բացվել է ապակե հատակով կախովի կամուրջ: Սա տեսակի մեջ երրորդ կամուրջն է Վիետնամում:  

«Բախ լոնգ» կոչվող կախովի կամուրջը, որը թարգմանաբար նշանակում է «սպիտակ վիշապ», Սոն Լա նահանգում է՝ մայրաքաղաք Հանոյից հյուսիս-արևմուտք: Ըստ Պաշտոնական համաշխարհային ռեկորդների ասոցիացիայի՝ սա համարվում է «աշխարհի ամենաերկար ապակե հատակով կամուրջը»: Այն ունի 632 մետր երկարություն:

Վի Թի Թու (կամրջի այցելու) - Ես չհամարձակվեցի ցած նայել, քանի որ վախենում եմ բարձրությունից: Մտովիպատկերացնում էի, թե ինչ կլիներ, եթե ընկնեի, և դա ինձ շատ էր վախեցնում ու թույլ չէր տալիս առաջ շարժվել:

Կամրջի բացման արարողությանը ներկայացվել է հայտնի վիշապի պարը, ու կտրել ժապավեն: Կամրջի համար օգտագործված ապակին եռաշերտ է՝ յուրաքանչյուրը 40 մմ հաստությամբ: Դրա վրայով միաժամանակ կարող է անցնել մինչև 450 մարդ:

ԲԵԼԳԻԱ

ԲԵԼԳԻԱՅԻ ԴԵՆԴԵՐՄՈՆԴ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՍԿԱ ՆԺՈՒՅԳ Է «ՊԱՐՈՒՄ»

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Բելգիայի Դենդերմոնդ քաղաքում՝ ականատես լինելու պատմական շքերթին, որտեղ չորս երեխա հսկա նժույգ են հեծնել:

Bayard Steed անունով 4,85 մ բարձրությամբ փայտե ձին, որը կրել են 12 տղամարդիկ, 12 տարի չէր ցուցադրվել հանրությանը:

Մոտ 86 հազար մարդ ականատես է եղել, թե ինչպես է մեկ տոննա կշռող արձանը շրջում ֆլամանդական քաղաքում՝ «պարելով» երթի ռիթմի ներքո՝ հսկա կերպարների, ակրոբատների և պատմական տարազներով մոտ 2000 դերասանի ուղեկցությամբ:

Լիզետ Կոբբերտ (շքերթի հանդիսատես) - Սա մի արարողություն է, որը ստիպում է մարդկանց ոգևորվել, և ժողովուրդն անհամբեր սպասում է դրան: Ես Դենդերմոնդում չեմ ծնվել, ավելի ուշ եմ տեղափոխվել այստեղ, բայց քանի որ միշտ այս քաղաքում եմ ապրել, ամեն անգամ ցանկացել եմ ներկա լինել, սա արդեն 5-րդ անգամ է:

Ձին ունի մոտ 5,2 մետր երկարություն, պատրաստված է փայտից, երկաթից և կտորից: Այն հասել է քաղաքի կենտրոնական հրապարակ և սլացել դեպի իր վրա հարձակվողները:

Այս ձիու պատմությունը գալիս է միջնադարյան մի ասպետական հեքիաթից, որի հերոսներից էր Կառլոս Մեծը, որը խնդրել է տեղի զորավարի թանկարժեք նժույգը` խաղաղության դաշինքի դիմաց:

Ժողովրդական այս ծեսն անցկացվում է միայն տասը տարին մեկ անգամ և պետք է տեղի ունենար 2020 թվականին, սակայն երկու անգամ հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Շքերթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում 2008 թվականին: Փայտե հսկա ձին հաջորդ անգամ կներկայանա հանրությանը 2030 թվականին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում