Պետականությունը պիտի մեր պատկառանքի առարկան դառնա. շնորհավորանքներ Հանրապետության տոնի առթիվ

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը: Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918-ի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր՝ վերջ, այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը՝ իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջը խաղաղություն հաստատել:

Նիկոլ Փաշինյան - Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել: Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս են այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնան, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

ՄԵՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԽՆԴԻՐՆ Է ՇԵՆԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ՝ Հանրապետության տոնի առիթով իր ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում: Այդպես էր նաև 1991-ին՝ նկատել է նախագահը:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը։

ԱՆՑՅԱԼԻ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ, ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴԸ
Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը՝ իր ուղերձում նշել է Ազգային Ժողովի նախագահը:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության և ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր կապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն:


ԱՄՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Առաջին հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը: Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը:


ԱՅՍ ՏՈՆԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ. ԳԱՐԵԳԻՆ Բ
Մայր Աթոռից էլ իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքներն է հղել Գարեգին Երկրորդ վեհափառը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս - Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած այսօրվա բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Հայաստան և Արցախ մեր հայրենիքը:

Դիմելով հայ ժողովրդին Գարեգին Երկրորդը կոչ է արել հանուն սրբազան հայրենիքի լինել միակամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում