ProWein-ը և հայկական գինիները. արտահանման ինչ նոր հնարավորություններ է բացել հեղինակավոր ցուցահանդեսը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայկական գինիները գրավել են եվրոպացի գինեգործների ուշադրությունը: Գերմանիայում կայացած ProWein հեղինակավոր առևտրային ցուցահանդեսին մեր երկիրն այս տարի ներկայացել է միասնական տաղավարով՝ ցուցադրելով գինեգործական 20 ընկերության աշխատանք:

Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Միասնական տաղավարն ավելի շատ երկիրը ներկայացնելու հնարավորություն է, որպեսզի ճանաչեն, որ Հայաստանը ևս գինեգործական երկիր է, և, բացահայտելով հայկական գինիները` հասկանում են, թե ինչ մեծ ներուժ ունի Հայաստանը միջազգային շուկայում իր տեղը գրավելու համար:

Կառլեն Մանասերյանի ընտանիքին պատկանող գինեգործական ընկերության համար ProWein-ը առաջին միջազգային ցուցահանդեսն էր: 30 տարի առաջ հիմնադրված ընկերությունը մինչև հիմա իր արտադրանքը Գերմանիա է արտահանում առանց պաշտոնական ներկայացուցչի, ինչը բացասաբար է ազդում արտահանման ծավալների վրա:

Կառլեն Մանասերյան (գինեգործական ընկերության ներկայացուցիչ) - Էքսպոն մեզ օգնեց, որ գտնենք դիստրիբյուտորներ, որպեսզի իրենց կապենք արդեն մեր գոյություն ունեցող ներմուծողի հետ ու կարողանանք մեր դիստրիբյուցիան կոնկրետ Գերմանիայում մեծացնենք:

Գինեգործը նկատում է՝ խմիչքի սիրահարները սկսել են հետաքրքրվել գինու ոչ այնքան մեծ արտադրություն ունեցող երկրներով: ProWein-ում հաստատած կապերով հայկական ընկերությունը նախատեսում է մեծացնել արտահանման աշխարհագրությունը:

Կառլեն Մանասերյան - 30-ից ավելի կոնտակտ ունենք, որ պարզապես կոնտակտ չեն, երկար խոսակցություն է եղել, հիմա բանակցությունների փուլում ենք:

Դեպի եվրոպական շուկա հայկական գինիների արտահանման ծավալները Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի համար գոհացուցիչ են:

Թեև դանդաղ, բայց կայուն տեմպով թվերն աճում են՝ նկատում է Մուրադյանն ու շեշտում՝ հայկական գինին մեծ ներուժ ունի եվրոպական շուկայում իր արժանի տեղն ունենալու համար:

Զարուհի Մուրադյան - Քանի որ վերջին տարիներին ավելի շատ որակյալ գինիներ են շուկա դուրս գալիս, այս առումով ևս հետաքրքիր են եվրոպացի սպառողների համար հայկական գինիները:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային գործընկերներին Հայաստանը ներկայացվել է նաև որպես գինեգործությամբ զբաղվող հնագույն երկիր: Նախատեսվում է այս բրենդի միջոցով առաջիկայում զբոսաշրջային հոսք բերել դեպի մեր երկիր:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում