Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող բոլոր անձինք կհամարվեն պաշտոնատար. նախագիծ

ԳԳևորգ Թոսունյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը սկսվեց առանց ընդդիմադիր պատգամավորների: Հանձնաժողովի նախագահը քարտուղարությունից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք տեղեկացվե՞լ են նիստի տեղի և ժամի մասին, ստացավ դրական պատասխան:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք նիստը սկսել ենք, նույնիսկ, կես ժամ ուշացումով, որպեսզի հնարավորություն տանք, որ բոլորը ժամանեն:

Oրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: «Քաղպայմանագրից» Արփինե Դավոյանն ընդգծեց՝ ուշագրավ է, որ այս քննարկմանը չեն մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները:

Արփինե Դավոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Որոնցից շատերը, կարծում եմ, այս օրենքի շահառուներից են: Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ այս օրենքի հետ կապված ամենաշատ խնդիր ունեցող մարդիկ այսօր գտնվում են փողոցում և պայքարում են ինչ-որ անհասկանալի բաների դեմ:

Հանձնաժողովի նախագահն էլ հիշեցրեց՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների 1/5-ը Սահմանադրական դատարանում վիճարկում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը:

Վլադիմիր Վարդանյան - Ես երկար մտածում էի, թե ինչու այս ընդդիմադիր գործընթացը սկսվեց հենց հիմա, իրոք չէի կարողանում հասկանալ: Ընտրություններից ի վեր, որևէ բան չէի տեսել, ինչը վկայեր այն մասին, որ կար կուտակված սոցիալական էներգիա նեգատիվ, որը պետք է դրսևորվի երթերի, ցույցերի կամ հավաքների միջոցով: Ի վերջո հասկացա, որովհետև, երբ առաջին հայցը մեր կողմից քննարկվող օրենքի շրջանակում ներկայացվեց դատարան, պարզ դարձավ, որ սա պայքար է ոչ այնքան իշխանության, ոչ թե պայքար է ինչ-որ եղանակով երկրի վիճակը բարելավելու, սա պայքար է սեփական «օրինական» եկամուտները պահպանելու համար:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը հայտնեց՝ օրինագծի նպատակը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելն է: Փոփոխություններից մեկով առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող պաշտոնատար անձ հասկացությունը:

Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ հանրային ծառայության օրենքի իմաստով:

Վարույթ իրականացնող մարմինն այս պահին ունի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով շուրջ 300 չավարտված ուսումնասիրություն: 20 ուսումնասիրություն էլ ավարտվել է, գույքը վերցվել կալանքի, գործերից 8-ն էլ դատարանի վարույթում է:

Սրբուհի Գալյան - Մեր կանխատեսումներով՝ մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմումներ ևս պետք է մուտք արվեն դատարաններ:

Դատախազությունը, այնուամենայնիվ, ուսումնասիրություն իրականացնելու համար սահմանված երկու տարի ժամկետը բավարար չի համարում:

Սրբուհի Գալյան - Առաջարկում ենք, որ ուսումնասիրության ժամկետը երկու տարվա փոխարեն տևի 3 տարի, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա:

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

Օրինագծին դրական եզրակացություն տալուց հետո հանձնաժողովն անցավ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը: Արդիականացված օրենսգրքից դուրս են մնալու բանտային ռեժիմների տեսակները: Բացի, կիսաբացի, կիսափակի, փակի և բուժականի փոխարեն անվտանգության 3 գոտի կլինի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության:

Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Եթե անձը կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն կամ միջին ծանրության հանցագործություն, ապա ելակետային տարբերակով՝ սկզբնական նշանակվում է նրան՝ ցածր անվտանգային գոտում պատիժ կրել, եթե, օրինակ՝ կատարել է ծանր հանցագործություն կամ առանձնապես ծանր հանցագործություն, սկզբնական բաշխումը միջին անվտանգային գոտի է գնում, եթե, օրինակ՝ ունենք ռեցիդիվ կամ ցմահ ազատազրկման դատապարտման դեպքեր, այս դեպքում՝ ելակետային գոտին բարձր անվտանգային գոտին է:

Այս օրինագիծը ևս արժանացավ դրական եզրակացության: Երկու նախագծերն էլ կքննարկվեն խորհրդարանի արտահերթ նիստում:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում