Մշակութային կրթությունը՝ դպրոցում

ԱԱրևիկ Աբելյան

Մայրաքաղաքի և մարզերի 450 դպրոցի շուրջ 3500 աշակերտ այս տարի կմասնակցի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտական որոնումներ» հանրապետական ծրագրին: Կրթամշակութային նախագծի շրջանակում շուրջ 50 արվեստագետներ դպրոցականներին կներկայացնեն իրենց անցած ճանապարհը, մասնագիտական ձեռքբերումները:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Երբ խոսում ենք անընդունելի բարքերի, մարդկային հարաբերությունների մեջ համապատասխան մշակույթի բացակայության, պետականության, հայրենասիրության և բոլոր կարևոր արժեքների մասին, մենք չենք կարող խոսել այս արժեքների մասին՝ առանց կրթական և մշակութային հենքի: Այս նախագծերով մենք փորձում ենք այդ հենքը ձևավորել վաղվա քաղաքացու:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական միջավայրում յուրահատուկ տեղ պետք է տրվի արվեստային կրթությանը, պետք է ունենանք նախաձեռնող ու ստեղծարար քաղաքացիներ:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս 3 տարիների ընթացքում ծրագիրը շատ դինամիկ զարգացում է ապրում, և այդ դինամիկ զարգացումը նոր ձևաչափերի, նոր մոտեցումների փնտրտուքը եղել է հենց այս գործընթացում սովորելու և գտնելու երեխաներին այս ամենի մասնակիցը դարձնելու ավելի կարճ ճանապարհ: Գտել ենք լավագույն տարբերակը երեխաներին արվեստին մոտ պահելու, և շատ ուրախ եմ, որ կարողանում ենք դա անել լավ համագործակցությամբ:

Հանդիպումներն արվեստագետների հետ ինտերակտիվ բնույթ կունենան: Դպրոցականները կստանան ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև կդիտեն նրանց ներկայացումները, համերգային կատարումները, կմասնակցեն վարպետության դասերի: Կլինի նաև հարցուպատասխանի հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը:

Արա Խզմալյան - Այս ճանապարհով մենք առաջինը մշակութային ժամանցի, մշակութային գիտելիքի, մշակութային կրթության խնդիրն ենք կարգավորում: Մենք սրանով լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի խնդիրը:

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտական որոնումներ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»:

Աննա Կարապետյան («Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Կերպարվեստ, երգարվեստ, պար, դեկորատիվ կիրառական արվեստ, գրականություն՝ և մենք համոզված ենք, որ ծրագիրը շարունակականություն կունենա, և կհամալրվի մեր արվեստագետների ապագա շարքը:

Երևանից հետո հերթը մարզաբնակ արվեստասեր դպրոցականներինն է: ԿԳՄՍ նախարարությունը շուտով կմեկնարկի նաև «Դասարվեստ» ծրագիրը՝ երեխաներին ծանոթացնելով արվեստի գործերին:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում