ԱԻՆ-ն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2,5 տոկոսով ավելի շատ զանգ է ստացել

ԼԼիլիթ Ասատրյան

Րոպեում 1-ից ավելի զանգ: 2022 թվականի ապրիլին ստացվել է 112.886 զանգ՝ 2.5 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեության արդյունքները:

Արսեն Սարոյան (ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Երևան քաղաքում մենք գրանցել ենք շուրջ 55.000 զանգ, այս զանգերից մոտավորապես 4200-ը առնչվել են տեղեկատվական բնույթին, եղանակին, ճանապարհներին, երկրաշարժերին՝ կենցաղային բնույթով պայմանավորված: 1260 ահազանգ առնչվել է արտակարգ դեպքերին:

44 ահազանգ ապրիլին եղել է հոգեբանական բնույթի, քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան աջակցություն: 103 քաղաքացի էլ օգտվել է բժշկական սպասարկումից, հայտնում է Սարոյանը՝ հավելելով՝ զանգերի մեծ մասը պատահաբար է կատարվում:

Արսեն Սարոյան - 55.000 զանգերից շուրջ 47.400-ը ստացվել են քաղաքացիների կամ երեխաների կողմից՝ հեռախոսի SOS կոճակը պատահմամբ սեղմելուց կամ միտումնավոր, կեղծ ահազանգեր ուղղորդելուց: 911 օպերատորը շեղվում է իր հիմնական աշխատանքը կատարելուց, գերբեռնվում են հեռախոսագծերը, և արդյունքում օգնության կարիք ունեցող քաղաքացին հնարավոր է ուշ ահազանգի 911 համարին:

Ապրիլին գրանցվել է հրդեհի 488 դեպք՝ 11 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա ապրիլին: Հրդեհները հիմնականում աճել են տրանսպորտային միջոցներում, բուսածածկ տարածքներում և աղբանոցային վայրերում:

Արսեն Սարոյան - Ապրիլ ամսվա դեպքերի առանձնահատկություններից ելնելով` կուզեի ընդգծել պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգերը, որովհետև ապրիլ ամսին ունեցել ենք այդպիսի 8 ահազանգ՝ հիմնականում մոլերի հետ կապված: Փրկարար ծառայության ուժերի միջոցով մենք տարհանել ենք 7602 քաղաքացու:

Փորձաքննության 240 պայմանագիր, արտադրական վտանգավոր օբյեկտներում 803 տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ 802-ը՝ դրական, 1-ը՝ բացասական եզրակացությամբ: ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն էլ իր գործունեությունն է ամփոփում:

Մարտին Ասլանյան (ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Ապրիլին ունեցել ենք դժբախտ 2 պատահար, որից մեկը «Երազ» այգում զիփլայնից օգտվելու ժամանակ, մյուսը՝ Դավիթաշեն համայնքում՝ ամբարձիչը աշխատակցի վրա ընկնելու պատճառով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ 2022-ի ապրիլին լրացվել է 116 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը՝ 4.2 մագնիտուդով, տեղի է ունեցել ապրիլի 8-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 39 կմ հյուսիս-արևմուտք:

Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում