Դեբեդից դուրս բերված 2-ամյա աղջնակն ապաքինվել է, բայց բժշկական կենտրոնից դեռ դուրս չեն գրում

ԼԼիլիթ Սեդրակյան

Երկու տարեկան Արևիկը, որ Դեբեդ գետում հայտնվելուց հետո հրաշքով ողջ է մնացել, արդեն ամբողջությամբ առողջացել է: Բժիշկները, սակայն, չեն շտապում նրան դուրս գրել: Առայժմ հստակ չէ, թե հիվանդանոցից հետո ուր է գնալու, որն է լինելու նրա հասցեն: Իսկ մինչ այդ փոքրիկն այստեղ ապրում է, խաղում, հյուրեր ընդունում, նվերներ ստանում:

Նիկոլայ Դալլաքյան (Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն) - Ամենաշատը մեզ մտահոգում էր՝ նևրոլոգիական լուրջ դեֆիցիտ չառաջանա, որովհետև նման թթվածնային քաղցը ջրահեղձության արդյունքում կարող է ճակատագրական լինել: Այսինքն՝ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ: Փառք Աստծո, երեխան և խոսում է, ճանաչում է, շատ ակտիվ է, և, ճիշտն ասած, մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշքներ երկրի վրա լինում են:

Բժշկական կենտրոնի տնօրենն ասում է՝ պատկան մարմինների ներկայացուցիչները եղել են այստեղ, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

Նիկոլայ Դալլաքյան - Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից:

Վերակենդանացման բաժանմունքից այլ բաժանմունք չեն տեղափոխում, որ անծանոթ մարդիկ ու նոր միջավայրը երեխայի համար հավելյալ սթրեսի պատճառ չդառնան:

Նիկոլայ Դալլաքյան - Արդեն սովորել է, ձեռնոց է հագնում կամ ինչ-որ տարբեր բժշկական մանիպուլյացիաներին փորձում է մասնակցել, էնպես որ, ապագա եթե ոչ բժիշկ, բուժքույր հաստատ կլինի, հուսով եմ:

Փոքրիկը հիվանդանոցային իր մահճակալին պառկել չի սիրում: Ավելի հաճախ ուզում է դուրս գնալ: Դրա համար ժամանակ գտնող բուժաշխատողները կատարում են նրա այդ ցանկությունը: Ամենից շատ Ռիմային է սիրում ու հիմա էլ համոզում է, որ բակ տանի:

Արևիկի մայրը կալանավորված է:

Իրավապահներին նա ասել էր, որ աղջկան ինքն է գցել գետը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:

Նրա նախկին ամուսինը՝ Արևիկի հայրը, մտադիր է աղջկան իր նոր ընտանիք տանել: Երբ «Լուրերը» նրա հետ կապ հաստատեց, ասաց, որ ճանապարհին է և այդ գործով մեկնում է Վանաձոր՝ Լոռու մարզպետարան:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում