Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի դերի մասին պատմում է Մոսկվայի «Հաղթանակի թանգարանը»

ՄՄերի Եգորյան

Թեև Հայրենական մեծ պատերազմում Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձավ, սակայն հայ ժողովուրդն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել թե՛ անմիջական ռազմական գործողություններում, թե՛ թիկունքային ապահովման աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ՝ Երկրորդ աշխարհամարտին մասնակից դարձավ 600 000 հայ ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Ցավոք, քիչ չէին նաև կորուստները․ ամեն երկրորդը չվերադարձավ ռազմաճակատից։

Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանությանը կից ռազմական կցորդը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «հաղթանակի թանգարանի» անմար կրակի մոտ: Այնուհետև շրջեցին թանգարանի թեմատիկ սրահներով:

Ալեքսանդր Շկոլնիկ («Հաղթանակի թանգարանի» տնօրեն) - Հայ ժողովուրդը իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայրենական պատերազմում մեր ընդհանուր մեծ հաղթանակի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի տապալման մեջ հայ ժողովրդի ունեցած մեծ ավանդի մասին մեր թանգարանում շատ փաստեր և տեղեկություններ կան: Ունենք մարշալ Բաղրամյանի գեղեցիկ դիմանկարը, որը հպարտորեն ներկայացնում ենք մեր բոլոր այցելուներին ու պատմում բոլոր հայ զորահրամանատարների և հերոս զինվորների ավանդի մասին:

Հայրենականին մասնակցեց հայկական ազգային 6 դիվիզիա, որոնցից հինգը ձևավորվել էին պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: Պատերազմի ընթացքում իրենց դրսևորած հերոսության և քաջության համար հայ զինվորականներն արժանացել են նաև ամենատարբեր պատիվների․ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 հայորդի, 80 հազարը պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով: Նշանակալի դերակատարում ու ավանդ ունեցած Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, Սերգեյ Ագանովը հետագայում արժանացան մարշալի, իսկ Հովհաննես Իսակովը՝ ծովակալի կոչման։

Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայ ժողովրդի ներդրումը հաղթանակում այնքան մեծ է եղել, որ նկատվում է նաև այստեղ: Պատերազմող պետության երեք զորատեսակից երկուսի՝ նավատորմի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբները ղեկավարել են հայ մարշալներ:

Դեսպանի խոսքով՝ ներկայումս էլ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա բոլոր ոլորտներում՝ ռազմաքաղաքականից մինչև տնտեսական ու մշակութային:

Վաղարշակ Հարությունյան - Այսօր մենք ունենք միավորված զորախումբ, որն ամբողջովին ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Այդ գործընթացն այժմ նույնպես շարունակվում է, ամրապնդում ենք մեր ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները, ինչը կապահովի մեր անվտանգությունը տարածաշրջանում:

Թանգարան այցի ավարտին դեսպանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց «Հիշողության և վշտի սրահի կենտրոնում տեղադրված «վիշտ» քանդակի մոտ, որը մարմնավորում է պատերազմի տարիներին զոհված բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Հաղթանակի թանգարանը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազին և Ռուսաստանի գլխավոր ռազմապատմական թանգարանն է։ Գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական այս միավորումը պատմության կեղծման փորձերին հակազդելու առաջատար ինստիտուտներից մեկն է, ինչպես նաև նոր սերունդների հայրենասիրական դաստիարակության կենտրոնը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում