Ֆերմերներն արդարացված են համարում հայրենական արտադրության պարարտանյութի օգտագործումը

ՎՎահե Դավթյան

Ֆերմերներն արդյունավետ են համարում հայրենական արտադրության օրգանական պարարտանյութի օգտագործումը: 2018-ից շուկայում հայտնված հայկական պարարտանյութի արտադրությունը համավարակի պայմաններում փոքր-ինչ դանդաղել էր, բայց հիմա, երբ ներկրվող պարարտանյութը եռակի թանկացել է, մեծացել է տեղականի պահանջարկը:

Աննա Գրիգորյան («Զուլալ ագրո» ընկերության համահիմնադիր) - Պարարտանյութը կիրառում ենք կոմպլեքս սնուցման ժամանակ` որպես հիմնական սնուցում, տալիս ենք ծառերի մազարմատներին. Բացում ենք մերձբնային բաժակները, ավելացնում պարարտանյութը, փխրեցնում հողը, հետո ջրում:

Պարարտանյութը ներառում է ազոտ, ֆոսֆոր, կալիում և բոլոր այն միկրոտարրերը, որ անհրաժեշտ են բույսի արագ աճի համար: Խանջյան գյուղի բնակիչ Կարապետ Խաչատրյանը տեղական պարարտանյութն առաջին անգամ օգտագործել է 3 տարի առաջ: Զուգահեռ կիրառել է նաև պարարտանյութ արտադրող ընկերության միջատասպան հեղուկները: Արդյունքից գոհ է:

Կարապետ Խաչատրյան (ֆերմեր) - Էս ծառը ահավոր վիճակում էր, կեսը չորացել էր, հիմա վերակենդանացել է: Բացարձակ քիմիա չի օգտագործվում այստեղ, լրիվ օրգանական է, արդեն 3 տարի է, էն կողմում էլ այգի է, որ քիմիականով է մշակվում, անզեն աչքով էլ տարբերությունը նկատվում է:

Հացիկցի Արմեն Խաչատրյանն էլ ծառերի և մշակաբույսերի մի մասը սնուցել է օրգանական, մյուսը՝ քիմիական պարարտանյութով: Ասում է՝ էկո պարարտանյութի օգտագործման ռիսկը մեծ էր, բայց արդարացված:

Արմեն Խաչատրյան (ֆերմեր) - Անցած տարի ոչ մի անգամ տզի դեմ չեմ բուժել, միջատի խանգարում չի եղել, իսկ այն տեղը, որտեղ չեմ արել, վատ է եղել բույսի վիճակը:

Հողագործը ծերացող ծառերը նորերով փոխարինելու, իսկ այգին ընդարձակելու մտադրություն ունի: Տնկիները, որոնք աճեցնում է` նոր տարածքում դնելու համար, ևս սնուցում է հայկական պարարտանյութով:

Արտակ Կարապետյանի 3 տարեկան կեռասենիներն էլ այս տարի առաջին բերքը պետք է տային: Բայց ծառերի մեծ մասը սկսել է չորանալ: Ֆերմերը, այգին վերականգնելու համար դիմել է հնարավոր բոլոր միջոցներին: Չեն օգնել, որոշել է կտրել ծառերը: Ընկերները խորհուրդ են տվել չշտապել և այգին սնուցել միկրոտարրերով հարուստ պարարտանյութով:

Արտակ Կարապետյան (ֆերմեր) - Քիմիայով ինչ ասես՝արել եմ, չկարողացա պահել, հիմա օրգանականն եմ փորձում:

Համալիր սնուցման, այսինքն՝ միաժամանակյա բուժման և պարարտացման դեպքում բերքատվությունն աճում է 50 տոկոսով, ասում է պարարտանյութ արտադրողը: Ի տարբերություն քիմիականի, որի մեկ պարկի շուկայական գինը 20 հազար դրամ է, իսկ 1 հա հողը սնուցելու համար մոտ 1 մլն դրամ է ծախսվում, օրգանականի 10 պարկն արժե 21 հազար դրամ, իսկ ծախսը՝ մոտ 450 հազար՝ հա-ի հաշվով:

Հեղինակ` Հայկուշ Ասլանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում