Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԵՄ-ն մշտապես պաշտպանել է բոլոր գերիներին ազատ արձակելու գաղափարը. Լյուկ Դևին

ԴԴավիթ Մուրադյան

Դավիթ Մուրադյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը Առաջինի լրատվական ալիքի եթերում քննարկել են ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, դրա իրագործումը և տարածաշրջանային հարցեր: 

- Պարո՛ն Դևին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար: 

Լյուկ Դևին (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ) - Շնորհակալություն հրավերի համար:

- Խնդրում եմ որոշ մանրամասներ ներկայացրեք Ձեր այցի օրակարգից: 

ԵՄ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Լյուկ Դևին - Նախևառաջ, թույլ տվեք ասել, որ ուրախ եմ վերադառնալ Հայաստան՝ քովիդի պատճառով առաջացած երկու տարվա ընդմիջումից հետո: Այստեղ եմ եկել ԵՄ-Հայաստան համաձայնագրի հանձնաժողովի տարեկան նիստը համանախագահելու համար: Այն ստորագրվել է 2 տարի առաջ և ուժի մեջ է մտել անցած տարվանից: Այն կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Եվ անունն արդեն հուշում է, որ այն համապարփակ է այն առումով, որ հզորացնում է բազմազան ոլորտներ՝ տնտեսական համագործակցությունից մինչև կրթություն, գիտություն, կլիմա, շրջակա միջավայր: Դա կարևոր փաստաթուղթ է, որը մենք համարում ենք մեր հարաբերությունների հիմքը: ԵՄ-ն ցանկանում է մասնակցել Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև օժանդակություն տրամադրել: Մենք ձեր երկրի ամենամեծ դոնորն ենք: Նաև ցանկանում ենք շարունակել Հայաստանի ապագային ուղղված ներդրումները, քանի որ մենք նաև այս երկրի ամենամեծ ներդրողն ենք: 

- ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թ. մարտից: Ինչպե՞ս է ԵՄ-ն ընդհանուր առմամբ գնահատում համաձայնագրի իրականացումը: 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

Լյուկ Դևին - Կարծում ենք՝ այն շատ լավ է ընթանում: Կարծում ենք՝ Հայաստանը լավ է աշխատում այս համաձայնագրի իրականացման առումով: Իհարկե միշտ էլ կարելի է ձգտել ավելիին և կատարելագործմանը: Ամփոփ կարելի է նշել արդարադատության ոլորտը, որտեղ, կարծում ենք, պետք է առաջընթաց լինի: Նաև մեծ նշանակություն ենք տալիս քաղաքացիական հասարակությանը: Մենք արդեն տվել ենք քաղաքացիական հասարակության հարթակի մեկնարկը, որն ուղղված է համաձայնագրի իրականացման մշտադիտարկմանը, քանի որ մենք նաև գործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ: Եվ հենց ձեր վարչապետն ինքը քաղաքացիական հասարակությունից է: Ընդհանուր առմամբ, հարաբերություններն իսկապես շատ լավն են, և մենք շատ գոհ ենք, թե ինչպես է Հայաստանն իրագործում համաձայնագիրը: 

- Եվրամիությունը նախորդ տարի հայտարարել է Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ: Նախ կխնդրեի մի փոքր մանրամասներ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ: Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ փուլ են թևակոխել նախանշված ծրագրերը, և ե՞րբ դրանք առավել տեսանելի կդառնան: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼ ԵՄ 2.6 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՓԱԹԵԹԻ ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐ

Լյուկ Դևին - Այս պահին, երբ մենք զրուցում ենք, արդեն որոշ ծրագրեր սկսել են իրականանալ: Մենք նախանշել ենք 6 առաջնահերթ ոլորտ: Դրանցից առաջինը՝ տնտեսությունը և 30000 ՓՄՁ-ների հիմնումն են: Այն, ինչ անում ենք, գործիքակազմի խառնուրդ է՝ կան դրամաշնորհներ, վարկեր ԵՄ-ից և ԵՄ կառույցներից, ինչպես նաև գործարարներից: Մի խոսքով՝ այն բավական ընդգրկուն է: Երկրորդ ուղղությունը հաղորդակցությունների խթանումն է՝ ներառյալ Հյուսիս-հարավ միջանցքը: Երրորդ ուղղությունը թվային փոխակերպումն է: Այն նաև ներառում է Սևծովյան տարածաշրջանի միջոցով կապի առաջ մղումը: Չորրորդ ուղղությունը Հայաստանի հատկապես հարավային հատվածի զարգացումն է: Հինգերորդ ոլորտն ընդգրկում է Հայաստանի հարավի կրթական ոլորտի զարգացումը: Եվ, վերջապես՝ վեցերորդը, որն առավելապես կենտրոնանում է կանաչ զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ կունենանք գործնական արդյունքներ, օրինակ՝ Երևանի համար կանաչ էներգիայով աշխատող 100 ավտոբուս: Այն շատ կոնկրետ է: 

- Կա՞ն արդյոք Հայաստանում արդեն սկսված ծրագրեր, թե՞ դեռ սպասում են հաստատմանը:

Լյուկ Դևին - Իրականում այս տարվանից արդեն սկսել ենք ծրագրերի իրականացումը: 

- Մի հարցի անդրադառնամ, որը Հայաստանում շատ է քննարկվում: Ե՞րբ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-Հայաստան առանց վիզայի ռեժիմի համար բանակցության մեկնարկը: 

ՎԻԶԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ

Լյուկ Դևին - Նախ կցանկանայի նշել, որ Հայաստանն արդեն օգտվում է վիզաների արտոնյալ ռեժիմից: Դա նշանակում է, որ վճարները նվազել են, կրճատվել է վիզա ստանալու ժամկետը՝ մինչև տասն օր, կան նաև հատուկ ռեժիմներ, օրինակ՝ ուսանողների համար, որոնք ցանկանում են օգտվել «Էրասմուս+» կրթական ծրագրից, որի շրջանակում ֆինանսավորում ենք Եվրոպայում սովորել ցանկացող ուսանողներին: Երբ խոսքը վերաբերում է առանց վիզայի ռեժիմին, դա ավելի շատ կախված է ԵՄ անդամ երկրներից: Այն միաձայնություն է պահանջում: Այն նաև կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես է վարվում որոշ եվրոպական երկրներում անօրինական բնակվողների հետ: 

- Այսինքն՝ դեռ ժամանա՞կ կպահանջվի:

Լյուկ Դևին - Դա կախված է նաև համագործակցությունից, և թե ինչպե՞ս են խնդիրները լուծվում որոշակի երկրներում: 

- Վերջին շրջանում մենք ականատես ենք Եվրամիության և, մասնավորապես, ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ակտիվ ջանքերին Հայաստանի  և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Բավական բարդ և համապարփակ գործընթաց: Ինչպե՞ս է Եվրամիությունը պատկերացնում այդ գործընթացը և ի՞նչ գործիքակազմով է Եվրամիությունը ցանկանում աջակցել այդ գործընթացին: 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԻՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԵՄ-Ն. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ

Լյուկ Դևին - Նախևառաջ, ես չէի ցանկանա միջամտել այս զգայուն գարծընթացին: Ինչպես Դուք նշեցիք, այն առաջնորդում է Շառլ Միշելը, նաև աշխատում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նա այստեղ էր անցած շաբաթ և մի քանի շաբաթ առաջ: Նաև բարձր ներկայացուցիչն էր ներգրավված, այդ թվում՝ պատերազմի ընթացքում: Խաղաղությունը Եվրամիության սրտում է: ԵՄ-ն ստեղծվել է պատերազմներից խուսափելու համար մի մայրցամաքում, որը շատ է տուժել պատերազմներից: Հենց դա է, ինչին ձգտում ենք մենք: Թե ինչպես կարող ենք օգնել, կախված է բոլոր կողմերի բարի կամքից: Սակայն գործընթացում բարձրագույն մակարդակով, ներառյալ՝ Շառլ Միշելին, ներգրավվածությունը, որը նաև որոշ առաջընթաց և գործնական քայլեր է արձանագրել, կարևոր է: Ինչպե՛ս կարող ենք մենք օգնել: ԵՄ-ն սահմանները բացելու, քաղաքացիների կյանքը թեթևացնելու, տարածաշրջանային համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման հարցերում փորձ ունի: Հավատում ենք, որ շատ երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները կրում էին պատերազմի և հակամարտության ազդեցությունը: Հիմա ժամանակն է հասնելու տևական և խաղաղ լուծման: Դա ներառում է նաև Թուրքիայի հետ սահմանը, որը պետք է վերաբացվի, և մենք միշտ սատարել ենք այդ գաղափարին: Կցանկանայինք այստեղ տեսնել տարածաշրջանային համապարփակ զարգացում: 

ԵՄ-Ն ՄՇՏԱՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ

- Ադրբեջանում շարունակում են պահվել մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, և ադրբեջանական կողմն այդ գործոնն օգտագործում է հայկական կողմի վրա հոգեբանական և քաղաքական ճնշում գործադրելու համար: Արդյոք Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նման խախտումները չե՞ն խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:  

Լյուկ Դևին - Մեր դիրքորոշումը միշտ հստակ է եղել, և մենք մշտապես պաշտպանել ենք բոլոր գերիներին ազատ արձակելու գաղափարը՝ որպես բարի կամքի դրսևորում, որպես տևական խաղաղության հասնելու մի պայման, ինչին ձգտում ենք մենք: Հստակորեն դեմ ենք արտահայտվել գրգռիչ հռետորաբանությանը: Եվ սրանք մեր մոտեցման տարբեր ասպեկտներն են:

- Ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք, իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վրա: Համանախագահ երկրների միասնական աշխատանքի մասին այսօր հազիվ թե կարող ենք խոսել: Այնուամենայնիվ ձևաչափը պահպանվում է, և առանձին ջանքեր են գործադրվում: Ինչպիսի՞ն է Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ դերակատարման հնարավոր ակտիվացման և օրակարգի վերաբերյալ: 

ԵՄ-Ն ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Լյուկ Դևին - Մի կողմից, մշտապես սատարել ենք այդ գործընթացը: Մյուս կողմից էլ՝ տանգոն երկուսով են պարում, մենք չենք կարող ստիպել կողմերին նստել սեղանի շուրջ: Սակայն պետք է նշել, որ առաջընթաց եղել է: Եվ ես կցանկանայի ողջունել այն, ինչին Շառլ Միշելը հասել է: Կարծում եմ՝ դա կոնկրետ արդյունք է: Իհարկե, նաև կարևոր է, որ կողմերը բարի կամք դրսևորեն:

- Եվրամիությունը քանիցս ողջունել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն արդեն երկու հանդիպում են անցկացրել: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ թուրքական կողմին առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Ավելին, պաշտոնական Անկարան շարունակում է այս երկկողմ գործընթացը պայմանավորել ադրբեջանական կողմի տրամադրություններով: Ըստ Ձեզ՝ ինչպես է հնարավոր խթանել այս գործընթացը, որպեսզի Անկարան բացի Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը: 

ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑՎԵՆ

Լյուկ Դևին -  Մենք այդ երկկողմ գործընթացի մաս չենք: Միայն կարող ենք խրախուսել, որպեսզի սահմանները բացվեն: Նաև, ինչպես գիտեք, ունենք հաղորդակցության ռազմավարություն, որի նպատակն է կապել ԵՄ-ն Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ: Ակնհայտ է, որ այդ առումով սահմանների բացումը դեր կխաղա: Ուստի կարող ենք միայն ողջունել առաջընթացը, սակայն բանակցող կողմերից որևէ մեկին չենք կարող փոխարինել: 

- Սակայն ԵՄ-ն ողջունո՞ւմ է այդ գործընթացը: 

Լյուկ Դևին  - Աներկբայորեն ողջունում ենք սահմանների բացումը: Մենք համաձայնագիր ունենք Թուրքիայի, Հայաստանի հետ: Ուստի, այո՛, մենք միայն կողմնակից ենք սահմանների բացմանը: 

- Պաշտոնական տվյալներով` 2020 թ. պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Եվրոպական խորհրդարանը բանաձևեր է ընդունել Արցախում մշակութային ու կրոնական ժառանգության  մասին, սակայն Ադրբեջանը  շարունակում է անտեսել այդ բանաձևերը և իր միջազգային հանձնառությունները: Ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Ադրբեջանի մշակույթի նախարարության որոշումը՝ ստեղծել աշխատանքային խումբ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով: 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ

Լյուկ Դևին  - Չէի ցանկանա կենտրոնանալ հենց այդ հարցի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կասեմ, որ ակնհայտորեն անհրաժեշտ է պահպանել կրոնական, ոչ կրոնական, մշակութային ժառանգությունը: Դրա դեմ բոլոր գործողությունները  չեն նպաստում խաղաղությանը: Սակայն ես դա ասում եմ՝ ոչ որպես Ձեր նշածի մեկնաբանություն: 

- Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Հայաստանի շատ քաղաքացիներ տեսնում են Կիևին ցուցաբերվող լայն աջակցություն Եվրամիության և եվրոպական առանձին երկրների կողմից, և շատերի մեջ, իհարկե, հարց է առաջացնում, թե ինչո՞ւ այդ դերակատարները հայտարարություններից բացի որևէ գործնական քայլ (պատժամիջոց, գործնական աջակցություն) չձեռնարկեցին Արցախի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ:  

2020 Թ. ԵՂԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԿՈՉԵՐ, ԲԱՅՑ ԴԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ. ԼՅՈՒԿ ԴևԻՆ

Լյուկ Դևին - Պետք է պատժամիջոցները՝ որպես այդպիսիք, նպատակ չհամարենք: Ինչպես Դուք նշեցիք, եղել են խաղաղության, բռնության, մասնավորապես՝ խաղաղ բնակչության դեմ  բռնության դադարեցման, ռազմագերիների ազատ արձակման, կոթողները հարգելու կոչեր: Դա է այն, ինչ մենք անում ենք: Չենք կարող բոլոր իրավիճակները համեմատել միմյանց հետ: Մենք նաև նախաձեռնել ենք որոշ կոնկրետ քայլեր: Պատերազմի ընթացքում Հայաստանին տրամադրել ենք մարդասիրական օգնություն: Սակայն դա մեր պատերազմը չէր, և մի պատերազմ էր, որը մենք չէինք սկսել: 

- Պարո՛ն Դևին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար:

Լյուկ Դևին (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ) -  Խնդրեմ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում