Մայիսի 7-ին համապետական ծառատունկ կանցկացվի. կտնկվի մոտ 50.000 ծառ

ԱԱրսեն Մկրտչյան

45-50 hազար ծառ մայիսի 7-ին արմատ կձգի հողում: Համապետական ծառատունկի ժամանակ տնկիներ կդրվեն Սյունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ծառը կյանքի շարունակականության խորհուրդն է՝ ասում է Անտառային կոմիտեի նախագահն ու հավելում, որ ծառատունկով կարելի է մի շարք բնապահպանական խնդիրներ դեմ պայքարել:

Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ) - Հնարավորություն ենք ունենում կլիմայի փոփոխության դեմ պայքարել, օդի աղտոտվածության դեպ պայքարենք, ինչու չէ՝ Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանենք:

Անտառային ամենափոքր ծածկույթ տարածաշրջանում մեր երկիրն ունի, պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի տարածքի ընդամենը 11,2 տոկոսն է անտառ, սակայն անտառային տարածքների մի մասը դեգրադացվել է, մի մասը՝ վերածվել խոտհարքների: Վլադիմիր Կիրակոսյանը խնդիրներ է տեսնում նաև անտառպահպանության ու վերականգնման ոլորտում:

Վլադիմիր Կիրակոսյան - Անտառպահպանության աշխատանքները կգնահատեի ցածր մակարդակի վրա, ու պետք է ինստիտուցիոնալ մոտեցում լինի:

Միջազգային համաձայնագրերին միանալով՝ Հայաստանը պարտավորվել է մինչև 2030 թվականը անտառածածկն ավելացնել շուրջ 50 հազար հեկտարով՝ հասցնել 12.9 տոկոսի, իսկ մինչև 2050 թվականը անտառները պետք է կազմեն Հայաստանի տարածքի 20,9 տոկոսը: Այս ուղղությամբ Կառավարությունը գործակցում է նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Վլադիմիր Կիրակոսյան - Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ վերսկսվել են աշխատանքները, իրանք 5700 հա անտառվերականգնման աշխատանքները պետք է իրականացնեն:

Հայաստանի Կառավարությունը անտառպահպանման ու վերականգնման համար գումարներ սկսել է հատկացնել միայն 2019 թվականից և տարեցտարի ավելացնում է:

2022 թվականին Հայաստանի Կառավարությունն անտառպահպանության ու վերականգնման համար տրամադրել է 412 մլն դրամ, 2021 թվականին՝ 375 մլն:

Անտառվերականգնման աշխատանքներից է ծառատունկը, պետությունն անցել է փակարմատային տնկիներին, և, ըստ Կիրակոսյանի, 70-80 տոկոս կպչողականություն կա: Սակայն ապօրինի ծառահատումները շարունակում են խնդիր մնալ, թեպետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ դեպքերի նվազում կա: 

Ծառահատման դեպքերը քչացել են, բայց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարվա մարտի 28-ից ապրիլի 8-ը շրջակա միջավայրը վնասելու 47 դեպք է հայտնաբերել: Պետությանն ընդամենը 11 օրում 8 մլն դրամից ավելի վնաս է հասցվել: Կիրակոսյանն ապօրինի ծառահատումների դեմ պայքարի նոր մեխանիզմի կարիք է տեսնում: Նրա համար անտառապահների ավելացումը խնդրի լուծում չէ, քանի որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տեխնիկական վերազինմամբ ավելի քիչ մարդկանցով շատ ավելի արդյունավետ աշխատանք կարելի է կատարել:

Վլադիմիր Կիրակոսյան - Մենք պետք է ունենանք լուսաթակարդներ, ձայնաթակարդներ, դետոնացիայի թակարդներ, երբ մի բան կաշխատի՝ մեր պահպանության մոտ կլինի արձագանք:

Գաղափարը դեռ խմորման փուլում է, բայց առաջիկա 2 ամսում կներկայացվի շրջակա միջավայրի նախարարություն: Իսկ մինչ այդ պետք է լուծվի նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառների խնդիրը: 11 հազար հա անտառածածկ տարածք վարակված է, հիմնականում՝ Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում:

Մայիսի վերջին նախատեսվում է ավիացիոն-քիմիական պայքար 4400 հա տարածքում:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում