Հայաստանում կոնյակագործության 135-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ծառատունկ է կազմակերպել
Հայաստանում կոնյակագործության 135-ամյակին առանձնահատուկ են պատրաստվել Երևանի կոնյակի գործարանի աշխատողները: Սպիտակ հագնվել, բահ ու ծառ առել, գործի են անցել: Գործարանի հարևան լանջին տնկվում է խորհրդանշական 135 ծառ. հիմնականում՝ եղևիներ, թխկիներ ու հուդայածառեր: Հաշվի են առնվել տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերևութային առանձնահատկությունները:
Անուշ Նավոյան (Երևանի կոնյակի գործարանի աշխատակից) - Մեծ պատասխանատվություն է, ոգևորվածություն շատ: Առաջին անգամ է իմ կյանքի ընթացքում ու ինձ թվում է` շարունակական կլինի, որովհետև շատ հաճելի գործընթաց է:
Արթուր Իսրայելյան (Երևանի կոնյակի գործարանի աշխատակից) - Համաձայն ավանդույթի՝ ծառ տնկել, երեխա ունենալ, տուն սարքել, երեխայի պես բան է, պետք է պահենք, պահպանենք:
Գործարանի աշխատողներն այս քայլով ուզում են ավելացնել մայրաքաղաքի հմայքը, բարելավել բիոբազմազանությունը: Ընկերության գործադիր տնօրենը համոզված է՝ նախագիծը կկատարելագործեն ու տարեցտարի նոր համայնքներ ներգրավելով` ավելի շատ ծառ կտնկեն:
Սերգեյ Խաչատրյան (Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն) - Մեր նպատակն էր այսօր, արժևորելով կոնյակագործության հիմնադրման 135-ամյակը, Հայաստանում իրականացնել ծառատունկ, դրանով փորձել մի փոքր ավելի լավը դարձնել մեր շրջապատող միջավայրը և հարգանքի տուրք մատուցել բնությանը, որի բարեբեր ազդեցությամբ մենք այսօր ունենք հայկական կոնյակը:
Ծառատեսակներն ընտրելիս մասնագետները հաշվի են առել նաև կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները:
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ քանի որ փակ արմատային համակարգով բույսեր են ընտրվել, դրանք 90 տոկոս կպչողականություն կարող են ունենալ: Ծառատեսակների մեծ մասը ծաղկող է:
Քրիստինա Վարդանյան (Երևանի ավագանու անդամ) - Տեղը շատ կարևոր էր, որովհետև Երևանի ամենասիրված լանջերից մեկն է այս լանջը: Մենք փորձել ենք անել էնպես, որ բույսերի ընտրանին այնպիսին լինի, որ լանջը լինի ակտիվ և հետաքրքիր:
Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունության և պատասխանատվության» ռազմավարության շրջանակում տարիներ շարունակ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում մասնակցել, նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ բնապահպանական ծրագրեր:













